2024 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների համար պլանավորված 50 մլրդ 945 մլն 538 հազար դրամ սեփական եկամուտներից փաստացի հավաքագրվել է 50 մլրդ 859 մլն 706 հազար դրամ, կատարողականը՝ 99,8 տոկոս: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ սեփական եկամուտների աճը կազմել է ավելի քան 18,6 մլրդ: Այդ մասին զեկուցվեց Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն արձագանքեց՝ շատ կարևոր ցուցանիշներ են արձանագրվում, ապա անդրադարձավ քաղաքի սեփական եկամուտների հավաքագրման աղբյուրներին, որոնք վերջին տարվա ընթացքում բազմազան են դարձել, քանի որ նոր տողեր են ավելացել: Քաղաքապետն առանձնացրեց հատկապես շինարարական բլոկը՝ նշելով, որ այս տարվա բյուջեի շուրջ 18 մլրդ դրամը հավաքագրվել է շինարարական բլոկից:
«Երևանի քաղաքապետարանը շինարարության ոլորտում իրականացրած փոփոխություններից էական գումարներ է հավաքագրում շինոլորտում ծրագրերի իրականացմանը զուգահեռ, որոնք հետագայում դառնում են նոր ճանապարհներ, մանկապարտեզներ, բակեր, այգիներ, կոյուղիներ, մշակութային ծրագրեր:
Կարծում եմ, որ շատ կարևոր է, որ այն սոցիալական ենթակառուցվածքը, որը պետք է ձևավորվի նոր կառուցվող թաղամասերի մոտակայքում, նոր կառուցվող թաղամասերում, այսինքն՝ այն ահռելի շինարարության պայմաններում, որն իրականացվում է Երևան քաղաքում, մեզ պետք են նոր մանկապարտեզներ, նոր դպրոցներ, նոր մշակութային կենտրոններ, նոր այգիներ, նոր բակեր: Սա հենց այդ նպատակով իրականացված ծրագիր է, և կարծում եմ, որ շատ էֆեկտիվ ծրագիր է»,- ասաց Ավինյանը և հավելեց՝ եկամուտների հավաքագրման ծավալներն առաջիկա տարիներին դեռ թռիչքաձև աճելու են: