Հոկտեմբերի 30-ին ՍԱՏՄ լաբորատորիա փորձարկման է ներկայացվել «Սիսիանի հաց» ՍՊԸ-ի կողմից մանկապարտեզներին մատակարարվող հավի կրծքամիս: Փորձաքննության եզրակացության համաձայն՝ արձանագրվել է անհամապատասխանություն, այն է՝ բակտերիայի առկայություն, ինչի համար ձեռնարկվել են անհապաղ միջոցներ՝ ողջ խմբաքանակի օգտագործումը դադարեցնելու և հետ հավաքելու ուղղությամբ: Նոյեմբերի 6-ի դրությամբ Երևանի 143 մանկապարտեզում կային մոտ 3000 կգ հավի կրծքամիս և մոտ 800 կգ ազդրամիս: Այդ մասին զեկուցվեց Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:
Այս գործընթացին զուգահեռ նոյեմբերի 5-ին աշխատակազմի վերահսկողության վարչության կողմից լաբորատորիայում փորձաքննության է ներկայացվել նաև Երևանի բոլոր մանկապարտեզներին մատակարարված սերուցքային կարագի 4 նմուշ: Վերջիններիս եզրակացություններում ևս անհամապատասխանություններ են եղել, եղել են մանրէներ, ապրանքի հոտը, համը, գույնը ևս չեն համապատասխանել ցուցանիշներին: Նոյեմբերի 12-ի դրությամբ՝ 141 մանկապարտեզում եղել է 2270 կգ սերուցքային կարագ: Ըստ զեկուցողի՝ գրություններ են ուղարկվել ՍԱՏՄ, և ամբողջ խմբաքանակը հետ հավաքելու գործընթաց է կազմակերպվել: Որոշվել է ձևավորել միջգերատեսչական հանձնաժողով ապրանքի հետագա տնօրինման ուղղությամբ:
Փորձաքննության են ենթարկվել նաև աղը, մածունը, հացը, պանիրը, որոնք համապատասխանել են չափանիշներին:
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն արձագանքեց՝ Երևան քաղաքապետարանն էականորեն ավելացրել է վերահսկողության մակարդակը մանկապարտեզներին մատակարարվող սննդի վերաբերյալ, և բացի նրանից, որ ինտենսիվորեն իրականացվում է մանկապարտեզների ենթակառուցվածքների հիմնանորոգում և վերանորոգում, բովանդակության փոփոխությունը ևս շատ կարևոր է, այն է, թե ինչ սնունդ է մատակարարվում մանկապարտեզներին:
«Ուզում եմ նաև տեղեկացնել բոլոր այն մատակարարներին, որոնք տարիներ շարունակ ինչ-որ մի տրամաբանությամբ գործել են և ինչ-որ տրամաբանությամբ աշխատել են, ուզում եմ ասել, որ այլևս այդ տրամաբանությունները չեն աշխատում, և նախկինում հանդուրժվող որոշումները սննդի որակի վերաբերյալ այլևս չեն կարող մեր կողմից ընդունվել, և ինչպես ներկայացվեց, ամենայն հավանականությամբ, այդ աշխատանքային խումբը մի որոշում ունի կայացնելու այդ սննդի ոչնչացման վերաբերյալ,- ասաց Ավինյանը, ապա հավելեց.- Այս պահից ուզում եմ զգուշացնել, որ բոլոր այն ֆիզիկական, իրավաբանական անձինք, որոնք որոշում են կայացնում Երևանի քաղաքապետարանի հայտարարած սննդի մատակարարման մրցույթներին մասնակցել, պետք է իմանան, որ մենք մեր պահանջներում էականորեն ավելի խիստ ենք, և չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարումը մեր մանկապարտեզներում, որովհետև ուղղակի անթույլատրելի է, որ մեր երեխաներին նմանատիպ սնունդ մատակարարվի:
Սա ընդամենը մի փոքրիկ դրվագ էր տեղի ունեցող գործընթացից: Խնդրում եմ վերաբերվել պատասխանատու, որովհետև սա ոչ միայն մատակարարների համար ֆինանսական հետևանքներ է ունենալու, կարող է նաև այլ հետևանքներ ունենալ: Խնդրում եմ վերաբերվել լուրջ:
Եթե այս գործընթացում, այս պրոցեսում ռիսկ եք տեսնում՝ որակի հետ կապված, և ռիսկ եք տեսնում, որ որակով սնունդ չեք կարող ապահովել, խորհուրդ կտամ հետ կանգնել այս գործընթացներին մասնակցելուց:
Կոչ եմ անում բոլոր այն մատակարարներին, բոլոր այն արտադրողներին, որոնք գիտեն, որ իրապես որակյալ սնունդ են արտադրում և կարող են մատակարարել, մասնակցել նմանատիպ գործընթացներում, որովհետև կարծում եմ՝ մեր առաջնային և կարևոր նպատակն այն է, որ մեր երեխաներին հասանելի լինի միմիայն որակյալ սնունդ, իսկ անորակ սնունդն այսուհետ միմիայն ոչնչացվելու է, և դրան այլընտրանք չկա»,- ասաց նա: