Նոյեմբերի 4-13-ը ՆԳՆ ՓԾ բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության Ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի մոնիտորինգի բաժնի մասնագետները Իջևան և Վանաձոր քաղաքներում հրշեջ-փրկարարներից կազմավորված ճառագայթային, քիմիական, կենսաբանական բնույթի դեպքերին արձագանքող թիմերի 32 անդամների հետ կազմակերպել և անց են կացրել մասնագիտական վերապատրաստման դասընթացներ:
Վերապատրաստման դասընթացի նպատակն էր մարզերում առաջին արձագանքող ստորաբաժանումների կարողությունների բարձրացումը և գործնական հմտությունների զարգացումը։ Դասընթացները կազմակերպվել են սեմինար-դասախոսությունների տեսքով, որոնց հաջորդել են գործնական պարապմունքներ՝ ուղղված մարզային ստորաբաժանումներում առաջին արձագանքողների մասնագիտական հմտությունների ու անվտանգության մակարդակի բարձրացմանը։
Մասնակիցներին նախ ներկայացվել են տեսական գիտելիքներ՝ ընդգրկելով ռադիոակտիվ նյութերի հիմունքները, անհատական պաշտպանության միջոցների տեսակները և վարակազերծման մեթոդները:
Այնուհետև նրանք կիրառել են այդ գիտելիքները՝ անցկացնելով գործնական պարապմունքներ և սիմուլյացիոն վարժանքներ։
Ուսուցանվողները ներգրավվել են ճառագայթային, քիմիական և կենսաբանական արտակարգ իրավիճակների մոդելավորման գործնական առաջադրանքներում՝ հատուկ համազգեստների և սարքավորումների կիրառմամբ իրականացրել ճառագայթային, քիմիական և կենսաբանական հետախուզություն, նմուշառում և վարակազերծման աշխատանքներ։
Նշենք, որ նմանատիպ մոտեցումը հնարավորություն է տալիս մասնակիցներին ստանալ և՛ խորացված տեսական գիտելիքներ, և՛ գործնական հմտություն՝ արտակարգ իրավիճակներին ավելի արդյունավետ արձագանքելու համար: