ՑԱՀԱԼ-ը կրկին հարվածել է Բեյրութի հարավային արվարձաններին, կան զոհեր: Իսրայելական կողմը հայտնել է, որ վերջին շաբաթվա ընթացքում ՑԱՀԱԼ-ը հարվածել է «Հըզբոլլահի» ավելի քան 300 թիրախի, որոնցից 40-ը՝ մայրաքաղաքում։
Լիբանանի առողջապահության նախարարության տվյալով՝ երկրում վերջին էսկալացիայի հետևանքով զոհերի թիվը հասնում է 3400-ի, վիրավորներինը հատել է 14.400-ը: Ըստ իսրայելական կողմի՝ սեպտեմբերի 30-ից ի վեր «Հըզբոլլահի» դեմ մարտերում զոհվել է իսրայելցի 47 զինվոր, իսկ 2023 թվականի հոկտեմբերից ի վեր այդ թիվը հատում է 790-ը:
Հայտնի է, որ իսրայելական ուժերը հարվածել են նաև Սիրիայի տարածքին: Դամասկոսում բնակելի շենք է վնասվել, առնվազն 15 մարդ է զոհվել: Իսրայելական կողմի տվյալով՝ թիրախում են եղել ռազմական տարբեր օբյեկտներ և «Իսլամական ջիհադ» խմբավորման կենտրոնակայանը: Իսրայելի ռազմական խոսնակը նախազգուշացրել է՝ կանխելու են Սիրիայից Լիբանան զենք տեղափոխելու ցանկացած փորձ: