Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը վերջին 2 տարվա ընթացքում առաջին անգամ զրուցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Գերմանիայի կառավարության հաղորդագրության համաձայն՝ հեռախոսազրույցի ընթացքում Շոլցը դատապարտել է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը, կոչ արել վերջ տալ հակամարտությանը, դուրս բերել զորքերը Ուկրաինայի տարածքից և բանակցություններ սկսել խաղաղ կարգավորման ուղղությամբ:
Շոլցը հավատացրել է, որ Բեռլինը շարունակելու է աջակցել Կիևին: Գերմանիայի կառավարությունից հայտնել են, որ մինչև Պուտինին զանգահարելը Կանցլերը զրուցել է Վոլոդիմիր Զելենսկու հետ և պատրաստում է Կրեմլի ղեկավարի հետ հեռախոսազրույցից հետո ևս շփվել Ուկրաինայի նախագահի հետ:
Կրեմլից հաստատել են Պուտին-Շոլց հեռախոսազրույցը: Նշվում է, որ այն կայացել է գերմանական կողմի նախաձեռնությամբ: Ռուսական կողմի հաղորդագրության համաձայն՝ Վադիմիր Պուտինը վստահեցրել է, որ Մոսկվան երբեք չի հրաժարվել և բաց է Կիևի հետ բանակցությունների վերսկսման համար։
«Հնարավոր պայմանավորվածությունները պետք է հաշվի առնեն անվտանգության ոլորտում Ռուսաստանի շահերը, տարածքային նոր իրողությունները և չեզոքացնեն հակամարտության բուն պատճառները», - նշել է Ռուսաստանի նախագահը։
Պուտինը հավելել է, որ ռուս-գերմանական հարաբերություններն էլ վատթարացել են Բեռլինի անբարյացակամ կուրսի հետևանքով։ Ըստ հաղորդագրության՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ զրույցից հետո առաջնորդների օգնականները կապի մեջ կլինեն։
Միջազգային նորությունները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում։