Տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցով Ադրբեջանին փոխանցված առաջարկների ոգին բխում է այն հայեցակարգից, որը Հայաստանի կառավարությունը ներկայացրել է վերջին տարիներին։
Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:
Ապաշրջափակման հարցով առաջարկները Երևանը Բաքվին ուղարկել է ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի ընթացքում անցկացված կազանյան բանակցություններից հետո, այժմ սպասում է արձագանքի:
«Չեմ կարող դետալներին մանրամասն անդրադառնալ: Առաջարկն ուղարկվել է Ադրբեջան, մինչև այս պահը արձագանք, գրավոր առնվազն, իմ իմացությամբ չկա»,- ասաց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը:
Հարցին՝ արդյոք Կազանից հետո՞ է առաջարկը ուղարկվել, տվեց դրական պատասխան:
«Ընդհանուր առմամբ՝ առաջարկների ոգին բխում է «Խաղաղության խաչմերուկ» նախագծից և այն պատկերացումներից, որը Հայաստանի կառավարությունը ներկայացրել է այս վերջին տարիներին, ու առաջարկների հիմքում նույն սկզբունքներն են, այսինքն՝ ինքնիշխանությունը և իրավազորությունը»,- ասաց նա:
Լրագրողներից մեկի հարցին՝ ՀՀ վարչապետը ինչպես է ասում, որ հնարավոր է փոխադարձ ընդունելի լուծում լինի, եթե դեռ պատասխանը չկա, Խանդանյանը պատասխանեց.
«Այն խոսակցությունից, որը տեղի է ունեցել Կազանում, և այդտեղ որոշակի դետալներ, ենթադրում եմ, որ քննարկվել են, դրանից հետո շատ ճիշտ եք նշում՝ հնարավոր է լինի փոխընդունելի լուծում: Երբ արձագանքը ստանանք, արդեն, «եթե հնարավոր են»-ը ավելի նյութական կդառնա»:
Դիտարկմանը, թե ստացվում է, որ առանձին փաստաթուղթ է պահանջվում ապաշրջափակման հարցով, որը խաղաղության պայմանագրով չի ուղարկվել, պատգամավորն ասաց, որ դա միջազգային իրավունքի տեսանկյունից փաստաթուղթ չէ, այլ ուղղակի նամակագրություն է:
«Խաղաղության պայմանագրում ապաշրջափակման հատվածը առանձնացվել է»,- հայտնեց Խանդանյանը: