Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանն այցելել է «Գարուն» բնակելի համալիրի շինարարության հրապարակ, ծանոթացել շինարարության կազմակերպմանը և շինհրապարակի կահավորմանը։
Շրջայցին մասնակցել են նաև կոմիտեի նախագահի խորհրդականներ Հովսեփ Հովեյանը և Նաիրի Հարությունյանը, կոմիտեի մասնագետները, ինչպես նաև Կառուցապատողների հայկական ասոցիացիայի նախագահ Գուրգեն Գրիգորյանը։
Կոմիտեի ղեկավարը հետաքրքրվել է համալիրի կառուցման ծրագրի մանրամասներով, նախագծային լուծումներով և շինարարական աշխատանքների ընթացքով։ Նա ծանոթացել է ծրագրի շրջանակում իրականացվող էներգախնայողության ապահովման միջոցառումներին՝ կարևորելով նորագույն տեխնոլոգիաների կիրառումը։
«Գարուն ինվեսթմենթ» ՍՊԸ ներկայացուցիչներն ընդգծել են, որ ծրագրով մեծ կարևորություն է տրված կանաչ տարածքներին։ Նախագիծը մշակվել է էներգախնայողության A դասին համապատասխան։ Ակնկալվում է, որ շինարարության ավարտից հետո համալիրը կստանա ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի կողմից հաստատված էներգախնայողության A դասի հավաստագիր։
Այցի ընթացքում քննարկվել են նաև քաղաքաշինության ոլորտի եվրոպական նորմերն ու ստանդարտները Հայաստանում կիրառելի դարձնելու և օրենսդրորեն ամրագրելու վերաբերյալ հարցեր։