Ամիրդովլաթ Ամասիացու «Օգուտ բժշկության» ընդօրինակված (18-րդ դար) արժեքավոր ձեռագիրը Երևանի պետական բժշկական համալսարանից փախանցվել է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանին:
Փոխանցման հանդիսավոր արարողությունը մասնակցել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը, բուհի տարբեր ֆակուլտետների ուսանողներ:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել բուհին նախաձեռնության համար, ինչպես նաև Մատենադարանին՝ համագործակցային միջավայր ստեղծելու և գործընկերային բազմաթիվ ծրագրերի իրականացման ավանդույթ ձևավորելու համար:
«Այս առիթն այն լավագույն օրինակներից է, որը ցույց է տալիս, թե համագործակցությունը ինչ մեծ արդյունք կարող է բերել ինչպես կրթությանը, այնպես էլ հետազոտությանն ու մշակութային ժառանգության պահպանությանը: Խորհրդանշական է, որ Ուսանողների միջազգային օրվան ընդառաջ՝ Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողները հենց այսպիսի քայլ են կատարում՝ գալով Մատենադարան և բերերով կարևոր աշխատություններից մեկը, որը մեկտեղում է գիտության ու բժշկության պատմությունը: Այս քայլով ուսանողները դառնում են կրողն այն կարևոր արժեքների, որոնք նաև օգնում են դառնալ որակյալ և արժեքային համակարգ ունեցող մասնագետներ»,- ասել է նախարարը՝ ընդգծելով պատմությունից ուսանելու նյութերը ժամանակակից տեխնոլոգիական միջոցների հետ համադրելու կարևորությունը:
Նախապես շնորհավորելով ուսանողներին առաջիկա տոնի առիթով՝ նախարարը նրանց մաղթել է հաջողություն. «Ձեր մասնագիտական հաջողությունները նաև մեր պետության ու հանրության հաջողություններն են, որովհետև բժիշկ լինելը կարևոր առաքելություն է, որից կախված են նաև մեր հանրային առողջությունն ու կյանքի որակը»:
Խոսքը եզրափակելով՝ նախարարը շնորհակալություն է հայտնել նախաձեռնության հեղինակներին և վստահություն հայտնել, որ այն կլինի նմանատիպ միջոցառումների շարունակականության լավ օրինակ:
Մատենադարանի աշխատակազմի անունից նախաձեռնության համար շնորհակալություն է հայտնել նաև տնօրեն Արա Խզմալյանը. «Այս նախաձեռնության իմաստը շատ ավելին է, քան զուտ Մատենադարանը ձեռագրական ևս մեկ միավորով համալրելը: Սա արժեքաբանական կողմնորոշման խնդիր է. այս ակտով դուք ոչ միայն արժեք եք հանձնում Մատենադարանին, այլև ստանում եք Մատենադարանի սեփականատեր լինելու ձեր վկայականը»:
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ևս նշանավորել է օրվա խորհուրդը՝ ընդգծելով, որ այս քայլը կարող է դառնալ բարի ավանդույթ այլ բուհերի ուսանողների համար ևս: «Սա պատմական օր է Բժշկական համալսարանում. երբեք այդպիսի հպարտության ու հուսալիության զգացում չեմ ունեցել, ինչպես այսօր: Մենք մասը կազմեցինք մի երևույթի, որը միտված լինելով ապագային՝ ապացուցեց արմատների ու հիմքերի ամրությունն ու հուսալիությունը»,- ասել է Արմեն Մուրադյանը:
Մատենադարանում բժշկական համալսարանի ուսանողների համար կազմակերպվել է շրջայց, որտեղ նրանք ծանոթացել են հին ձեռագրերի և փաստաթղթերի ցուցանմուշներին ու պահպանման պատմությանը:
Նախարարությունից հայտնում են, որ օրվա շրջանակում Մատենադարանից էլ Զինվորի տուն էր փոխանցվել «Շուխոնց ավետարան» թղթե ձեռագիր մատյանը` Խնդրակատար Ավետարանը: