Առողջապահության նախարարությունը կրկին անդրադարձել է թոքերի քաղցկեղի տարածման պատճառներին, հիվանդության կանխարգելման անհրաժեշտ պայմաններին:
Հայտնի են մի շարք վարքագծային գործոններ և շրջակա միջավայրի ազդեցություններ, որոնք մեծացնում են թոքերի քաղցկեղի զարգացման ռիսկը` ծխելը թոքերի քաղցկեղի ամենատարածված ռիսկի գործոնն է, և գնահատվում է, որ պատասխանատու է թոքերի քաղցկեղի հետ կապված մահերի 80-90%-ի համար:
Ծխողի մոտ թոքերի քաղցկեղի առաջացման վտանգը 15-25 անգամ ավելի է, քան չծխողի մոտ, և այդ վտանգը մեծանում է, որքան ավելանում է ծխելու տևողությունը և/կամ քանակը։
Արդյունաբերական վտանգներ. որոշ վնասակար քիմիական նյութերի ազդեցությունը մեծացնում է թոքերի քաղցկեղի առաջացման վտանգը:
Պասիվ ծխելը. չծխող մարդիկ, ովքեր ենթարկվում են երկրորդային ծխի ազդեցությանը, 20-30%-ով մեծացնում են թոքերի քաղցկեղի զարգացման ռիսկը:
Քանի որ ծխելը թոքերի քաղցկեղի հիմնական պատճառներից մեկն է, թոքերի քաղցկեղի առաջացման ռիսկը նվազագույնի հասցնելու լավագույն միջոցը ԾԽԵԼՈՒՑ ԽՈՒՍԱՓԵԼՆ Է:
Առաջնային կանխարգելում. եթե երբեք չեք ծխել, մի՛ սկսեք: Մի՛ խաբվեք մարքեթինգային հնարքներին, մի՛ օգտագործեք ծխախոտային ոչ մի արտադրատեսակ:
Երկրորդային կանխարգելում. եթե ծխող եք, թողե՛ք ծխելը: Ծխելու դադարեցումը ցանկացած տարիքում կարող է օգնել նվազեցնել թոքերի քաղցկեղի առաջացման վտանգը։ Խուսափե՛ք երկրորդային ծխի ազդեցությունից:
Եթե դուք 55-74 տարեկան եք, և ծխել եք, շարունակում եք ծխել կամ թողել եք ծխելը, կարող եք թոքերի քաղցկեղի հայտնաբերման նպատակով պարբերաբար անցնել կրծքավանդակի ցածր դոզավորմամբ համակարգչային շերտագրման հետազոտություն: