Քննարկվող օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է, որ Հակակոռուպցիոն, Քննչական կոմիտեների, ՊԵԿ-ի, Տնտեսական մրցակցության պաշտպանության, Հանրային ծառայությունները կարգավորող և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահները տարեկան մեկ անգամ Ազգային ժողովում ներկայացնեն նախորդ տարվա իրենց գործունեության տարեկան հաշվետվությունները: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, նախագծի համահեղինակ Սիսակ Գաբրիելյանը:
ՀՀ ԱԺ պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի, Արսեն Թորոսյանի, Ալեն Սիմոնյանի և Արուսյակ Ջուլհակյանի հեղինակած ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ նոյեմբերի 15-ի հերթական նիստում:
«Թվարկված մարմինները, ըստ էության, դուրս էին խորհրդարանական ձևաչափով վերահսկողության դաշտից»,- նշել է հանձնաժողովի նախագահը: Նրա խոսքով՝ այդպիսի հանդիպումները սպասված են հասարակության կողմից: Նշված մարմինների ղեկավարները նույնպես ցանկություն են հայտնել այդ ձևաչափով հանդես գալ` նշելով, որ այն լավ հնարավորություն է` ներկայացնելու իրենց կատարած աշխատանքներն ու լսելու խորհրդարանականների առաջարկությունները, հարցերն ու քննադատությունները:
Նախագծով ամեն տարի` գարնանային նստաշրջանից մինչև ամառային արձակուրդների հատվածը, նշված մարմինների ղեկավարները կներկայացնեն իրենց գործունեության տարեկան հաշվետվությունները: Սիսակ Գաբրիելյանը հավելել է, որ խորհրդարանական ընդդիմությունն առաջարկվող նախագծին հանձնաժողովում միաձայն կողմ է քվեարկել:
Հարակից զեկուցող, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լիլիթ Մինասյանը ներկայացրել է գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունն օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ: Նա նշել է, որ Կառավարություն-Ազգային ժողով հարցուպատասխանի ձևաչափում նշված մարմինները ներկայացվածություն չունեն, և այս նախաձեռնությունը միտված է հանրային դաշտում տվյալ մարմինների գործունեության թափանցիկության ապահովմանը:
Հարակից զեկուցող, արդարադատության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արմենուհի Հարությունյանի խոսքով՝ նախագծերի փաթեթը միտված է հաշվետվողականության բարձրացմանը: Կառավարությունը ներկայացրել է դրական եզրակացություն օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ: