Համաձայնագրի նպատակն է ԱՊՀ անդամ պետությունների միջև փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում համագործակցության խթանումը, անդրազգային ռիսկերի վերհանման ու գնահատման ապահովումը, ֆինանսական հետախուզության մարմինների միջև համագործակցությունը. ասել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը:
ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ՀՀ ԱԺ նոյեմբերի 15-ի հերթական նիստում քննարկվել է ««Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման (լվացման) և ահաբեկչության ֆինանսավորման ռիսկերի գնահատման միջազգային կենտրոն ստեղծելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:
2023 թվականի հոկտեմբերի 13-ին ՀՀ վարչապետը Բիշքեկում ստորագրել է «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման (լվացման) և ահաբեկչության ֆինանսավորման ռիսկերի գնահատման միջազգային կենտրոն ստեղծելու մասին» համաձայնագիրը: Այն ստորագրել են նաև Ռուսաստանը, Տաջիկստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ուզբեկստանը և Ղրղզստանը:
Ըստ զեկուցողի` համաձայնագրի շրջանակում ստացված տեղեկությունների վրա տարածվում են գաղտնիության այն ռեժիմները, որոնք նախատեսված են տվյալ տեղեկության համար` տեղեկությունը ներկայացնող երկրի օրենսդրությամբ: Համաձայնագրի շրջանակում ստացված տեղեկությունները չեն կարող փոխանցվել երրորդ անձանց` առանց տեղեկությունները ներկայացնող կողմի համաձայնության:
Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նարեկ Գրիգորյանը ներկայացրել է գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը նախագծի վերաբերյալ: Նա կոչ է արել կողմ քվեարկել նախագծին:
ԱԺ-ն քվեարկություններով ընդունել է քննարկված օրենքների նախագծերը: Սպառելով օրակարգը` խորհրդարանն ավարտել է հերթական նիստերի աշխատանքը: