Երբեմն ինձ մոտ տպավորություն է, որ մեր ընդդիմությունը ծանր քար է, որը կապված մեր ոտքերից՝ մեզ անընդհատ ուզում է քաշել ներքև, անընդհատ ուզում է քաշել, տանել դեպի անցյալ, որպեսզի մենք չխոսենք ապագայի մասին: Այդ մասին Ազգային ժողովում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:
«Հավանեք-չհավանեք, քննադատեք-չքննադատեք, մենք ունենք ապագայի հստակ տեսլական: Ի՞նչ ենք ասում, ասում ենք՝ Հայաստանը պիտի ունենա հստակ սահմանազատված սահմաններ, պիտի իր հարևանների հետ կարգավորի հարաբերությունները, տարածաշրջանում պիտի հաստատվի խաղաղություն, պիտի ունենա բաց սահմաններ, որով մենք առևտուր կանենք, պիտի երկրի տնտեսությունն աշխատի, պիտի արտագաղթի տեմպերը նվազեն, պիտի դեմոգրաֆիան ծաղկի:
Մի խոսքով՝ մենք խոսում ենք որոշակի պատկերացումների և տեսլականի մասին, և մենք քայլեր ենք անում այդ ուղղությամբ, հիմա այդ քայլերի մի մասը կարող է հաջողվել, մի մասը՝ դժվարությունների հանդիպել հասկանալիորեն, որովհետև մենք մենակ չենք այս տարածաշրջանում, և մեր գործողությունները պայմանավորված են նաև դիմացինի գործողություններով: Եվ այս պրոցեսի ժամանակ կարող են լինել տարբեր խութեր, և սա հասկանալի է:
Մենք շատ կուզենանք, որ մեր ընդդիմությունը գա ու մեզ հետ բանավեճի մտնի ապագայի վերաբերյալ այս տեսլականի իրագործման մասին: Բայց մենք ի՞նչ ենք տեսնում. տեսնում ենք, որ ընդդիմությունը պրոբլեմ ունի ոչ թե իրագործման ճանապարհի գործիքակազմի հետ, այլ պրոբլեմ ունի հենց բովանդակության, էության հետ, որովհետև մենք ասում ենք՝ Հայաստանը պիտի ունենա սահմանազատված, ինքնիշխան սահմաններ, ընդդիմության հայտնի շրջաբերականն ասում է՝ Հայաստանը երբեք չպիտի ունենա սահմաններ: Պրոբլեմը սա է: Եվ Դաշնակցության շրջաբերականի մասին ձեր էմոցիոնալ բռնկումները վեր են հանում հենց իրական վախերը ձեր, որովհետև դուք հիանալի հասկանում եք, որ այն, ինչ գրված է այդ շրջաբերականում, և այն, ինչ գրված է մամուլում, արտահայտում է ձեր իրական մտադրությունները»,- ասաց նա: