Հարգելինե՛րս, դուք ձեր հարցազրույցներում հաստատել եք, որ կա «004 շրջաբերական», հաստատել եք, որ այն հատվածները, որոնք հրապարակվել են, այդ շրջաբերականից հատվածներ են, հետո սկսել եք արդեն մեկնաբանել այդ հատվածները՝ ասելով, որ կոնտեքստից դուրս է, այս չի նշանակում, այն է նշանակում: Այդ մասին Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ ասաց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը՝ դիմելով ընդդիմությանը:
«Փաստը մնում է փաստ, որ այդ շրջաբերականը կա, և դրա մեջ գրված է նման բան:
Հիմա իմ հարցը հետևյալն է. սիրելի՛ գործընկերներ, ազնի՛վ եղեք, սիրելի՛ գործընկերներ, եկե՛ք, ասե՛ք՝ իրոք այս շրջաբերականը կա, իրոք սա ենք գրել, իրոք, սա ենք մտածում, ու այս մղձավանջը կպրծնի: Բայց եթե չեք գալու ասեք, այս թեման շարունակվելու է: Դուք ամեն քառօրյայի ընթացքում առնվազն մեկ անգամ լսելու եք «շրջաբերական 004» արտահայտությունը»,- ասաց նա:
Հիշեցնենք՝ Civic.am-ը հրապարակել էր փաստաթղթերի լուսապատճեններ, որ, իր պնդմամբ, հատվածներ են Հայ Յեղափոխական Դաշնակցության 2022 թվականի շրջաբերականից: Դրանով կոչ է արվում վիժեցնել սահմանազատման գործընթացը, նաև կարծիք է հայտնվում, որ կարելի է ինքնիշխանության աստիճանն իջեցնել: Դաշնակցության պատասխանատուները նշում են, թե հրապարակված փաստաթղթերն իրական չեն, սակայն չեն էլ դիմել իրավապահներին: Իշխող ուժը կարծում է՝ շրջաբերականը հակապետական է: