Խոսքը Անկախության հռչակագրի բովանդակության մասին է և այն շեշտադրումների, որոնք կան հռչակագրում: Իհարկե, այդ փաստաթուղթը, որ ընդունվել է 1990 թվականին, երբ անկախ Հայաստանը չկար, բայց այն տեսլականը, որը նկարագրված է Անկախության հռչակագրում, ըստ էության, շատ անիրական է պատկերում Հայաստանի անկախ Հանրապետությունը, ուստի կիսում եմ այդ մոտեցումը, և նաև այս կոնտեքստում դրա իրավական գնահատականի տեսանկյունից կարևոր էր սեպտեմբերի 26-ի Սահմանադրական դատարանի որոշումը։ Այս մասին ճեպազրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը՝ անդրադառնալով Անկախության հռչակագրի վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ խորհրդարանում արված հայտարարությանը, թե հռչակագիրը, ըստ էության, Հայաստանի չգոյության մասին է:
«Իհարկե, ես չեմ ցանկանա բարձր դատարանի որոշմանն ինչ-որ մեկնաբանություններ տալ՝ բացասական կամ դրական, բայց այդ որոշումը որոշակիորեն ամրապնդում է այդ տեսակետը»,- ասաց նա:
Լրագրողներից մեկի հարցին՝ ինչո՞ւ են հենց հիմա բարձր մակարդակով նման հայտարարություններ արվում, արդյոք Ադրբեջանը պահանջնե՞ր է ներկայացնում Անկախության հռչակագրի վերաբերյալ, Խանդանյանը պատասխանեց, թե նախորդ օրերին բյուջեի քննարկման ընթացքում խոսակցությունը բացառապես ներհայաստանյան է եղել, խոսակցությունն իրական Հայաստանի գաղափարի շուրջ է եղել:
«Ես չեմ հասկանում այդ ենթադրությունը, որ որևէ ներհայաստանյան խոսույթ Հայաստանի հանրության հետ Հայաստանի կառավարության խոսակցությունը պետք է ինչ-որ տեղից պարտադրված լինի:
Թեմաներ կան, որ մենք չենք կարող Հայաստանի հանրության հետ փակ սենյակում մտնենք և ոչ հրապարակային խոսակցություն ունենանք, դա անհնար է ժողովրդավարական երկրի պայմաններում, բայց և դա չպիտի պատճառ լինի, որ մենք դադարեցնենք այդ խոսակցությունը, որովհետև դա կնշանակի հեռանալ ժողովրդից և չխոսել այն իրական խնդիրների մասին, որոնք կան մեր երկրում։
Իսկ այն պահանջներին, պատճառաբանություններին և հռետորաբանությանը, որ կա Ադրբեջանի կողմից, դրան արձագանք է հնչում, և նաև վարչապետը արձագանքեց Սահմանադրության փոփոխման մասին խոսույթին նույն հարցուպատասխանի ընթացքում»,- ասաց Խանդանյանը: