Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն անդրադարձավ նաև Ադրբեջանի հետ հնարավոր ռազմավարական գործարքի կնքմանը, որի մասին հիշատակել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Դա նշանակում է՝ այն նույն սկզբունքները, որի մասին խոսում ենք, և որոնք հիմքն են խաղաղության պայմանագրի, ապաշրջափակման, սահմանազատման շուրջ բանակցությունների, այն, որ երկրները փոխադարձաբար պետք է ճանաչեն և, ըստ էության, սահմանազատման կանոնակարգով դա նաև միջազգային պայմանագրի տեսքով ֆիքսվեց, փոխադարձ տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը. չեն խառնվում միմյանց ներքին գործերին և փորձում են նորմալացնել հարաբերությունները, որպեսզի այդ հարաբերությունների կարգավորումը շահավետ լինի երկու կողմերի համար էլ, և այս կոնտեքստում շատ կարևոր է հենց ապաշրջափակման կտորը, որովհետև ապաշրջափակման դեպքում տեղի են ունենալու շարժեր՝ կոմունիկացիոն, լոգիստիկ շարժեր, որոնք օգուտներ են բերելու ինչպես Հայաստանին, այնպես էլ Ադրբեջանին»,- պարզաբանեց Խանդանյանը:
Լրագրողներից մեկի դիտարկմանը՝ ինչո՞ւ է անհրաժեշտություն առաջանում առանձին նաև ռազմավարական գործարք կնքել, եթե խաղաղության պայմանագրում այդ ամենը կա, պատգամավորն արձագանքեց. ««Ռազմավարական գործարք» ասելիս խոսքը փաստաթուղթ կնքելու մասին չէ, խոսքը այդ բոլոր բանակցությունների և քննարկվող իրողությունների, թեմաների շրջանակների այնպիսի տրամաբանություն հաղորդելը պետք է լինի, որ ի վերջո դրանք փոխշահավետ լինեն»:
Հարցին՝ եթե ՀՀ վարչապետը խոսում է փոխադարձ, ընդունելի լուծման մասին, արդյոք սա նշանակո՞ւմ է, որ Բաքուն արդեն հրաժարվել է միջանցք պահանջելու օրակարգից, Խանդանյանն ասաց՝ հիմա պետք է սպասեն Բաքվի՝ ավելի նյութական արձագանքին, հետո նոր եզրահանգումներ անեն:
«Ինչպես գիտեք, Հայաստանի համար նման լուծումը անընդունելի է, և երբ որ խոսում ենք փոխշահավետ լուծման մասին կամ փոխադարձաբար ընդունելի լուծման մասին, դա բացառում է որևէ միջանցքային տրամաբանություն»,- ընդգծեց պատգամավորը:
Նա հայտնեց, որ ապաշրջափակման հարցով բանակցել են երկու երկրների փոխվարչապետները, իսկ թե ինչ խողովակներով են ուղարկվել առաջարկները, դժվարացավ պատասխանել: