Ջրհեղեղից հետո բնակավայրերի հարակից հատվածներում առանձնացրել ենք 25 կիլոմետր հատված Լոռու մարզում և 10 կիլոմետր հատված՝ Տավուշի մարզում, որտեղ ջրհեղեղի հետևանքով որոշակի բերուկներ կան, և այդ հատվածներում որոշակի աշխատանքներ է պետք կատարել մինչև մեծ լուծումներ ունենալը: Այդ մասին Կառավարության՝ նոյեմբերի 15-ի նիստին ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ ներկայացնելով խնդրի լուծմանն ուղղված չզեկուցվող նախագիծը, ինչպես նաև անդրադառնալով հավանական ջրհեղեղների հետևանքները կանխող գետահուների մաքրման, պարիսպների կառուցման, ճանապարհների լայնացման աշխատանքներին:
Ըստ Սանոսյանի՝ այժմ երկու մեծ ծրագիր է իրականացվում Լոռու մարզում, պատվիրվել է գետերի և գետահուների հարակից հատվածների ուսումնասիրություն, որի արդյունքում կլինեն լուծումներ՝ հուների, հենապատերի, ճանապարհների լայնացման հետ կապված: Նույնը արվել է նաև Աղստև գետի հետ կապված հատկապես Դիլիջանի և Իջևանի հատվածում:
«Նախագծով 150 մլն կհատկացնենք Լոռու մարզին, 70 մլն՝ Տավուշի մարզին, բայց 2025 թվականին էլ ենք որոշակի այդպիսի աշխատանքներ շարունակելու»,- ասաց նա:
Փաշինյանը նկատեց՝ մի քանի խնդիր կա այս դեպքում. մեկը աղետների կանխարգելման համատեքստում է, որ գետերի հուները կառավարվեն այնպես, որ ջրհեղեղի մասշտաբները նվազեցվեն: Կա նաև բնապահպանական խնդիր, որ այնպես արվի՝ գետերը լինեն էկոլոգիապես նորմալ վիճակում: Եվ կա նաև քաղաքաշինական խնդիր: Կան գետեր, որոնք քաղաքների, բնակավայրերի, տուրիստական գոտիների ներսով են անցնում, և, ըստ վարչապետի՝ այդտեղ է, որ պետք է քաղաքաշինական կառավարում իրականացվի:
«Շատ մեծ, մասշտաբային խնդրի հետ գործ ունենք, և պետք է հետևողական աշխատանք իրականացվի: Կարծում եմ՝ այստեղ միջգերատեսչական աշխատանքի անհրաժեշտություն կա, մեկ գերատեսչության խնդիր չէ»,- ասաց նա: