Համակարգային տեսանկյունից իրականում, կարող եմ իրապես ասել, գրեթե բոլոր բնագավառներում առկա է գիտելիքների և հմտությունների շատ լուրջ խնդիր, այդ թվում՝ մեր ոլորտին առնչվող: Այս մասին Կառավարության նիստից հետո հրավիրված ճեպազրույցում ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը՝ անդրադառնալով կառավարման ոլորտում առկա խնդիրներին:
«Օրինակ՝ տարբեր հարցերի հետ կապված զգայունությունը չպահպանելու, տարբեր խմբերի հետ շփումներում, մարդկանց իրավունքները շատ դեպքերում պաշտպանելու ցանկություն ունենալու, բայց այդ ցանկությունը շատ սխալ մեթոդաբանությամբ իրացնելու: Ինձ համար շատ մեծ խնդիր է, երբ իրավասու մարմինները անձնական տվյալների պաշտպանության հետ կապված իրենց պարտականությունն ընդհանրապես չեն պատկերացնում, օրինակ՝ բռնության ենթարկված անձանց տվյալներն են հասանելի դառնում»,- պարզաբանեց ՄԻՊ-ը:
Նրա խոսքով՝ ինքը բազմիցս տարբեր լսարաններում հրապարակային կերպով բարձրացրել է խոշտանգումների և վատ վերաբերմունքի գործերի քննության հետ կապված տարատեսակ հարցեր:
«Մի շարք այլ գործերի քննության հետ կապված հարցեր, գործերի քննության ընթացքում դարձյալ շատ դեպքերում զգայունությունը չպահպանելու հետ կապված հարցեր, ինչը հասցեագրման շատ լուրջ կարիք ունի»,- ընդգծեց ՄԻՊ-ը: