Ազգային ժողովում երեկ խոսք եղավ այն մասին, որ Կիրանցի հատվածից անասունները սահմանը անցնում են: Այդ մասին Կառավարության՝ նոյեմբերի 15-ի նիստին հիշեցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ասելով, թե չի հասկանում՝ ինչպե՛ս դա կարող է տեղի ունենալ, և արդյոք դա տեղի է ունեցել այն հատվածում, որտեղ սահմանը դեռ կահավորված չէ:
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը նշեց, որ սահմանազատումից հետո՝ մինչև սահմանի վերջնական կահավորում, փշալարերի անցկացում, նման մի քանի դեպք է եղել, և բոլոր դեպքերում խոշոր եղջերավոր անասունները վերադարձվել են, դեպքերը դրական լուծում են ստացել:
Այն, որ դեպքերը եղել են և դրական լուծում են ստացել, ըստ Փաշինյանի, պատասխան չէ, վարչապետին հետաքրքրեց, թե ինչպես կարող էր դա լինել: ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանն արձագանքեց. «Կահավորման աշխատանքներն ընթացքի մեջ են, վերջնական չենք ավարտել, իսկ այդ անասունների անցումները տեղի են ունեցել մինչև փշալարեր տեղադրելու պահը: Դրանից հետո որևէ դեպք չենք ունեցել»:
Փաշինյանը նկատեց՝ չսահմանազատված հատվածներում տեսականորեն կարող է նման բան լինել և նախկինում էլ տեղի է ունեցել, նույնիսկ եղել է, որ կենդանիներն անցել, ականների վրա պայթել են:
«Բայց սահմանազատված հատվածներում, որտեղ կահավորված է, դա ուղղակի բացառվում է, չի կարող այդպիսի բան լինել: Այնպես որ, մեր այն հարգելի գյուղացիները, որոնք որոշել են հեռադիտակների վրա փող ծախսել, կարծում եմ՝ այս պարագայում դա անելն այդքան էլ իմաստ չունի»,- ասաց նա: