Որպես մարդու իրավունքների պաշտպան՝ պետք է արձանագրեմ, որ մեր հանրապետությունում չպետք է լինեն մարդիկ, որոնք իրենց զգան որպես արտոնյալ, ընդ որում՝ կապ չունի՝ նրանք երիտասարդներ են, նախկին կամ ներկա իշխանության ներկայացուցիչներ: Այս մասին Կառավարության նիստից հետո հրավիրված ճեպազրույցում ասաց ՄԻՊ Անահիտ Մանասյանը:
Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե արդյոք նա տեսնո՞ւմ է խնդիրներ, որոնց մասին մատնանշել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօրվա Կառավարության նիստում, Մանասյանը տվեց դրական պատասխան:
Նրա խոսքով՝ ինքը պետական իրավասու մարմիններին բազմիցս՝ թե՛ գրավոր և թե՛ բանավոր, հաղորդակցել է տարբեր տեսակի խնդիրներ՝ կապված Մարդու իրավունքների պաշտպանի մանդատի շրջանակում ստացված տեղեկատվության հետ, ընդգծեց՝ որոշ խնդիրներ այն աստիճանի են հասել, որ ստիպված է եղել հարցերի հետ կապված հանդես գալ հրապարակավ հայտարարություններով:
Հարցին՝ արդյոք ՄԻՊ-ը խնդիրներ տեսնո՞ւմ է ուժային կառույցների աշխատանքում, պատասխանեց՝ պետական մարմինների գործունեության տարբեր խնդիրների պարբերաբար անդրադառնում է թե՛ անձնական տվյալների պաշտպանությանն առնչվող խնդիրների, թե՛ գործերի քննությանը վերաբերելի տարբեր հարցերի, որոնք ունեն շատ արագ հասցեագրման անհրաժեշտություն:
Հարցին՝ արդյոք տեսնո՞ւմ է կառավարման խնդիր, որի մասին վարչապետն էր մատնանշել, Մանասյանը նշեց՝ հարցին կարող է պատասխանել միայն իր մանդատի շրջանակում:
«Տարբեր իրավասու մարմինների մոտ տեսնում եմ պրոֆեսիոնալիզմի, տարբեր հարցերի վերաբերյալ հմտությունների պակասի խնդիր, որի առնչությամբ անընդհատ խոսել եմ և հիմա էլ եմ խոսում ու արձանագրում: Կարծում եմ՝ խնդիրների մի մասը բխում է հենց այն հանգամանքից, որ շատերն ընդհանրապես չունեն պատշաճ գիտելիքներ և հմտություններ տարատեսակ ոլորտներում, և պետք է աշխատենք այդ խնդիրները լուծելու ուղղությամբ: Ես հիմա խոսում եմ համակարգերի մասին: Ինստիտուցիոնալ առումով խնդիրներ կան»,- ընդգծեց Անահիտ Մանասյանը:
Հիշեցնենք՝ Կառավարության այսօրվա նիստում վարչապետը մասնավորապես ասել էր, որ դատաիրավական համակարգի ներդրումների արդյունքները մարդիկ պետք է տեսնեն:
«Սա չի կարող շարունակվել, հասկանո՞ւմ եք: Լավ, ես կարող եմ համբերել, 2 տարի համբերեմ, 3 տարի համբերեմ, 4 տարի համբերեմ, հարգելի՛ գործընկերներ, դատական, իրավական, ուժային համակարգի հարգելի՛ ներկայացուցիչներ, իմ համբերության բաժակը լցվել է, ես ձեզ ուղիղ բոլորիդ ասում եմ: Ոնց որ քյասիբի ռադիո լինեմ, գալիս եմ ձեր միջոցառումներին, ելույթ ունենում, ասում-խոսում, դուք էլ ծափ եք տալիս, հետո հաջորդ տարի գալիս եմ, նույն ելույթն եմ ունենում, դուք էլ ծափ եք տալիս, ու նորից թողնում-գնում եմ: Ո՞վ է ում ձեռ առնում: Սրա վերջը եկել է: Ես ուղիղ եմ ուզում ասել՝ սրա վերջը եկել է... որովհետև ես այլևս բան չունեմ տալու, այն, ինչ ինձնից ուզել եք, տվել եմ, չեմ միջամտել որևէ բանի, չեմ մտել որևէ գործի մեջ»,- ասել էր վարչապետը: