Միջազգային հանրապետական ինստիտուտի վերջին հարցման համաձայն՝ ոստիկանության աշխատանքից գոհ է հարցվածների 62 տոկոսը: Մեր խնդիրն է շարունակել ջանքեր գործադրել վստահության մակարդակի բարձրացման ուղղությամբ: Այդ մասին Կառավարության՝ նոյեմբերի 15-ի նիստին ասաց ՆԳ նախարար Վահե Ղազարյանը՝ ներկայացնելով որոշման նախագիծ, որի շրջանակում առաջարկվում է հաստատել Ոստիկանության ոլորտի բարեփոխումների իրականացման ռազմավարության և 2024-2026 թթ. կտրվածքով գործողությունների ծրագիրը:
Նախագծով ապահովվելու է ոստիկանության կառուցվածքի և ֆունկցիոնալի ավարտական տեսքը:
«Ռազմավարության նոր մոտեցում է առաջարկվում նաև հանրության ահազանգերի օպերատիվ և արդյունավետ սպասարկման համար: Նախատեսվել է հանրապետական մեկ միասնական օպերատիվ կառավարման կենտրոնի՝ 112-ի ստեղծում, որի շրջանակներում առանձին հեռախոսահամարներով՝ 911, 102, 103 զանգերի սպասարկումը կդադարեցվի, և քաղաքացին իր կանչի սպասարկումը կստանա մեկ հեռախոսահամարով մեկ կետից արագ սպասարկմամբ: Սա նախատեսվում է իրականացնել 2026 թվականին»,- ասաց նախարարը:
Նոր ռազմավարությունն անդրադառնալու է նաև մարդու իրավունքների պաշտպանության որոշ զգայուն հարցերի՝ նախատեսելով վատ վերաբերմունքի ենթադրյալ դեպքերի արձանագրման մեխանիզմի ներդրում, ոստիկանության բաժիններում, ՁՊՎ-ներում տեսահսկման համակարգի ներդրում, անձնական տվյալների պաշտպանության իրավունքի, պաշտպանության արդյունավետության բարձրացում:
Բոլոր միջոցառումները, ըստ նախարարի, միտված են հանրությանը ավելի պրոֆեսիոնալ ծառայություն մատուցելուն, ՀՀ-ում առավել անվտանգ միջավայր երաշխավորելուն, հանրության վստահության մակարդակի ամրապնդմանը:
Անդրադառնալով նախատեսվող փոփոխություններին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդգծեց՝ ոստիկանության փոփոխությունների ռազմավարությունն ամենաարդունավետ ընթացքի մեջ է, բայց նաև կարևորեց այն հանգամանքը, որ հանրությանը պարզաբանվի, թե փոփոխությունների երևացող և չերևացող կարևոր կողմերը որոնք են:
«Փոխվել է հետևյալը, եթե նախկինում ունեինք ոստիկանության մարզային վարչությունների և քաղաքային բաժինների և բաժանմունքների համակարգ, որը 90-ականների սկզբին ներդրվեց, և պետք է արձանագրել, որ իր էական արդյունքն ունեցավ Հայաստանում իրավակարգի ամրապնդման գործում, բայց նաև որոշակի փոփոխության ժամկետը, ժամանակը հասունացավ: Հիմա մենք այդ համակարգն այլևս չունենք, և բոլոր մարզերում մենք ունենք ուղղաձիգ ենթակայության երեք հիմնական կառույց»,- ասաց նա:
Այդ կառույցներից մեկը, ըստ վարչապետի, առանձին քրեական ոստիկանությունն է, որտեղ քրեական ոստիկանությունը մարզի մասշտաբով է աշխատում, որը զբաղվելու է ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով:
Զուգահեռ նոյեմբերից ներդրվել են համայնքային ոստիկանություններ, որի օպերատիվ հատվածը զբաղվելու է ոչ մեծ ծանրության հանցանքների օպերատիվ սպասարկմամբ, նաև քաղաքացիական գործերի հետ առնչություն ունեցող գործառույթներով՝ կապված ձերբակալվածներին պահելու, զենքի թույլտվությունների և համայնքի հետ ամենօրյա աշխատանքի հետ:
Հաջորդ ուղղությունը պարեկային ոստիկանությունն է:
«Ամենակարևոր առանձնահատկությունն ի՞նչն է, որ այս բոլոր կառույցներն ուղղաձիգ ենթակայությամբ ենթարկվելու են հանրապետական ղեկավարությանը: Այսինքն՝ մարզային աստիճանակարգություն գոյություն չի ունենալու, որ, կարծում եմ, շատ կարևոր է, նաև [ունենալու ենք] քրեական, համայնքային, պարեկային ոստիկանություն՝ երեք ուղղաձիգներով:
Կարևոր է, որ այս ոստիկանության երեք ուղղությունները մարզային մասշտաբի նույն ղեկավարության ներքո չեն աշխատում, ինչը որոշակիորեն նաև հենց ոստիկանության ներսում հակակշիռների մեխանիզմ է ստեղծում, որովհետև ամեն մեկն ունի իր ուղղության պատասխանատվությունը, բայց մարզային մասշտաբում նույն ղեկավարին չեն զեկուցում, որը հնարավորություն է տալիս, որ զեկույցները չդեֆորմացվեն կամ դեֆորմացված հատվածները դառնան ավելի տեսանելի, նկատելի մինչև ոստիկանության ղեկավարներ, ՆԳՆ հասնելը»,- ասաց նա: