Այսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հանդիպել է ՎԶԵԲ՝ Թուրքիայի և Կովկասի հարցերով նորանշանակ կառավարող տնօրեն Էլիզաբետտա Ֆալչեթիին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՎԶԵԲ Երևանյան գրասենյակի ղեկավար Ջորջ Ախալկացին: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից:
Շնորհավորելով տարածաշրջանային կառավարող տնօրեն Էլիզաբետտա Ֆալչեթիին նշանակման կապակցությամբ՝ փոխվարչապետը վստահություն է հայտնել, որ Բանկի և Հայաստանի կառավարության միջև ձևավորված գործընկերային հարաբերությունները և արդյունավետ փոխգործակցությունը հետագայում ևս շարունակաբար կամրապնդվեն:
Ֆալչեթին փոխվարչապետին է ներկայացրել Հայաստանի համար 2025-2030 թվականների ռազմավարության նախագծով սահմանվող հիմնական առաջնահերթությունները: Այս համատեքստում երկուստեք կարևորվել է առավել ներառական և մրցունակ մասնավոր հատվածի, ինչպես նաև կանաչ տնտեսության անցումը խթանելու նպատակով կայուն ենթակառուցվածքների զարգացման անհրաժեշտությունը:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակի, այդ թվում՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման աշխատանքներին, ինչպես նաև ջրային համակարգի և կոշտ թափոնների կառավարման ուղղություններով հնարավոր համագործակցությանը: