ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունից հետո, որով նա հաստատում է սենատոր Մարկո Ռուբիոյին պետքարտուղարի պաշտոնում առաջադրելու իր որոշումը, սենատորը X-ի իր էջում գրել է. «ԱՄՆ պետքարտուղարությունը ղեկավարելը մեծ պատասխանատվություն է, և ես զգացված եմ այն վստահությամբ, որ նախագահ Թրամփը ցուցաբերում է իմ հանդեպ»:
Ռուբիոն վստահեցրել է, որ պետքարտուղարի պաշտոնում ամեն օր աշխատելու է՝ իրականացնելու նախագահի արտաքին քաղաքականության ծրագրերը:
«Նախագահ Թրամփի ղեկավարությամբ մենք ապահովելու ենք խաղաղությունն ուժի միջոցով և ամերիկացիների ու Ամերիկայի շահերը միշտ ամեն ինչից բարձր ենք դասելու»,- հավելել է սենատորը:
Մարկո Ռուբիոն հույս է հայտնել, որ ԱՄՆ Սենատում կստանա իր գործընկերների աջակցությունը, ինչը հնարավորություն կտա Թրամփին ձևավորել արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հարցերով իր թիմը՝ հունվարի 20-ին նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո: