ԱՄՆ 81-ամյա դեմոկրատ նախագահ Ջո Բայդենը նախագահի ընտրությունում հաղթած 78-ամյա հանրապետական Դոնալդ Թրամփին Սպիտակ տանը կազմակերպած ընդունելության ժամանակ խոստացել է, որ լիազորությունների փոխանցումը հարթ կանցնի։
Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերի խոսքով՝ քաղաքական գործիչների զրույցը տևել է մոտ երկու ժամ։ «Նրանք քննարկել են երկրի և աշխարհի առջև ծառացած ազգային անվտանգության ու ներքաղաքական կարևոր հարցեր», - ասել է նա մամուլի ներկայացուցիչներին:
Նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի խոսքով էլ՝ Թրամփի հետ զրույցում Բայդենն ընդգծել է, որ Ուկրաինային հետագա աջակցությունը՝ Ռուսաստանի դեմ նրա պաշտպանական պատերազմում, բխում է Միացյալ Նահանգների ազգային շահերից։ Թրամփը, պատասխանելով The New York Post-ի (NYP) լրագրողի հարցին, ասել է, որ զրույցի զգալի մասը նվիրված է եղել ռազմական հակամարտությանը Մերձավոր Արևելքում։
Նախկինում Ջո Բայդենը և Դոնալդ Թրամփը հակասության մեջ էին՝ նախ 2020 թվականի ընտրությունում, իսկ հետո՝ 2024 թվականի նախընտրական քարոզարշավի ժամանակ։ Բայդենն իր մրցակցին վտանգավոր է անվանել ժողովրդավարության համար, Թրամփը Բայդենին մեղադրել է ոչ կոմպետենտության համար։
Չորս տարի առաջ հանրապետական Թրամփի նկատմամբ դեմոկրատ Բայդենի հաղթանակից հետո Օվալաձև գրասենյակի ավանդական հանդիպում չի կայացել։ 2020 թվականին Թրամփը պաշտոնապես չընդունեց պարտությունը և չմասնակցեց մրցակցի երդմնակալությանը։