Լեհաստանի հյուսիսում գտնվող Ռեզիկովո գյուղում նոյեմբերի 13-ին տեղի է ունեցել ԱՄՆ ռազմածովային ուժերի բազայի հանդիսավոր բացումը։ Լեհ պաշտոնյաները, որոնք արարողությանը ներկա են եղել ԱՄՆ դեսպանի և ամերիկյան մյուս պաշտոնյաների հետ, ողջունել են բազայի բացումը՝ այն համարելով կարևոր քայլ Ուկրաինայի պատերազմի պայմաններում երկրի և ՆԱՏՕ-ի անվտանգության ապահովման գործում:
«Ամբողջ աշխարհը հստակ կտեսնի, որ սա այլևս Ռուսաստանի շահերի ոլորտը չէ»,- ասել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան՝ ելույթ ունենալով բացման արարողության ժամանակ։
Լեհաստանում ԱՄՆ ռազմաբազան համալրված է Aegis Ashore հակահրթիռային պաշտպանության համակարգով, որը կարող է հայտնաբերել, հետևել և ոչնչացնել բալիստիկ հրթիռների թռիչքը սկզբնական փուլում։ Սա իր տեսակի մեջ երկրորդ համալիրն է Եվրոպայում։ Առաջինը գտնվում է Ռումինիայում և գործում է 2016 թվականից:
ՆԱՏՕ-ի կարծիքով՝ Aegis Ashore-ը «զուտ պաշտպանական բնույթ ունի»: Ռուսաստանի իշխանությունները, սակայն, հենց սկզբից կտրականապես դեմ էին այս նախագծին։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ բազայի գործարկումը ռուսական ներուժի զսպման ռազմական փորձ է, ինչը կդրդի հավասարության ապահովման համար դիմել համապատասխան միջոցների: