Հինգշաբթի կայացած նիստում Էստոնիայի կառավարությունը հաստատել է Սահմանադրության փոփոխությունը, որը հանրապետությունում մշտապես բնակվող Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիներին զրկում է մունիցիպալ ընտրություններում ընտրելու իրավունքից։ Այդ մասին հայտնել է Ինտերֆաքս գործակալությունը: Խոսքը վերաբերում է Էստոնիայում մշտական հիմունքներով բնակվող Ռուսաստանի և Բելառուսի ավելի քան 70 հազար քաղաքացուն։ 2021 թվականի մունիցիպալ ընտրությունում քվեարկել է այն ժամանակ քվեարկելու իրավունք ունեցող ռուսաստանցիների 42,5%-ը, բելառուսցիների՝ 49,5%-ը։
Ըստ փոփոխության՝ Սահմանադրության 156-րդ հոդվածի 2-րդ կետը, թույլ կտա ՏԻՄ ընտրությունում քվեարկել Էստոնիայի քաղաքացիներին, երկրում բնակվող քաղաքացիություն չունեցող անձանց՝ Եվրամիության քաղաքացիներին և ՆԱՏՕ-ի երկրների՝ 16 տարին լրացած քաղաքացիներին։
Փոփոխությունը նախաձեռնել է խորհրդարանի 101 պատգամավորից 61-ը, և կոալիցիոն բոլոր կուսակցությունները կողմ են արտահայտվել դրա ընդունմանը: Առաջարկվել է սահմանադրության փոփոխությունները հրատապ քննարկել, որպեսզի դրանք ուժի մեջ մտնեն մինչև 2025 թվականի հոկտեմբերին կայանալիք ՏԻՄ ընտրությունը։ Դրա համար անհրաժեշտ է ստանալ խորհրդարանի պատգամավորական կազմի չորս հինգերորդի աջակցությունը: