Նիդերլանդներում հակաիսրայելական կրքերը չեն հանդարտվում: Ամստերդամում իսրայելական «Մաքքաբի» ակումբի երկրպագուների վրա հարձակումից մոտ մեկ շաբաթ անց կրկին հարյուրավոր մարդիկ են հավաքվել մայրաքաղաքի Դամ հրապարակում՝ խախտելով քաղաքային իշխանությունների՝ զանգվածային հավաքների արգելքը: Նիդերլանդների ոստիկանությունը ձերբակալել է մոտ 300 պաղեստինամետ ցուցարարի, ովքեր չեն ենթարկվել ցրվելու պահանջին:
Ամստերդամից հետո իսրայելցի ֆուտբոլիստներին պատրաստվում է ընդունել Փարիզը: Ֆրանսիայի և Իսրայելի հավաքականների հանդիպումը կայանալու է իրավապահների բնորոշմամբ «բարձր ռիսկային» պայմաններում։ Խաղի նախօրեին Փարիզում զանգվածային ցույց է տեղի ունեցել՝ ի նշան բողոքի գալա միջոցառման, որը կազմակերպել էր ծայրահեղ աջ Israel Forever ասոցիացիան՝ իսրայելական բանակի համար միջոցներ հավաքելու նպատակով։
Ցույցը կազմակերպել էին պաղեստինամետ խմբավորումները և արմատական ձախակողմյան ուժերը, շարժման ժամանակ լուրջ բախումներ չեն եղել, թեև վնասվել են խանութների մի քանի ցուցափեղկեր։ Իսրայելի հետ խաղին նախորդող օրերին Փարիզում անվտանգության աննախադեպ միջոցառումներ են ձեռնարկվել, կարգը պահպանելու համար մոբիլիզացվել է 4000 ոստիկան։