Իրանը միջուկային զենք չի ստեղծել և չի ստեղծի՝ ԱԷՄԳ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսիի հետ բանակցությունների ժամանակ հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
«Մենք պատրաստ ենք համագործակցել ու մերձենալ միջազգային այս կառույցի հետ՝ լուծելու ենթադրյալ խնդիրները և փարատելու մեր երկրի խաղաղ միջուկային գործունեության վերաբերյալ կասկածները»,- Փեզեշքիանի խոսքը մեջբերում է նրա մամուլի ծառայությունը։
2015 թվականին Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Իրանը կնքել են միջուկային համաձայնագիր՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը, որը ներառում էր պատժամիջոցների վերացում՝ Իրանի միջուկային ծրագրի սահմանափակումների դիմաց: Միացյալ Նահանգները՝ նախագահ Դոնալդ Թրամփի օրոք, 2018 թվականի մայիսին դուրս է եկել այդ ծրագրից և վերականգնել Թեհրանի դեմ պատժամիջոցները։ Ի պատասխան՝ Իրանը հայտարարել է համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունների փուլային կրճատման մասին՝ հրաժարվելով միջուկային հետազոտությունների, ցենտրիֆուգների և ուրանի հարստացման մակարդակի սահմանափակումներից։