Սրտի հանկարծակի կանգ կարող է պատահել ցանկացածի, ցանկացած պահի, բայց ճիշտ գործիքների և գիտելիքների կիրառմամբ հնարավոր է կյանքեր փրկել։ Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ «Պաշտպանված սրտի քաղաք» նախաձեռնությամբ ձեռնարկվել են հետևյալ քայլերը․ կրթական ծրագրերի միջոցով սիրտ-թոքային վերակենդանացման մասին իրազեկվածության բարձրացում և կամավորների վերապատրաստում, Երևանի փոքր կենտրոնում՝ հանրային վայրերում, ավտոմատացված արտաքին դեֆիբրիլյատորների (AED) տեղադրում, բջջային հավելվածի ստեղծում, որի միջոցով վերապատրաստված կամավորները կստանան շտապօգնության ծառայության աշխատակիցների ահազանգերը սրտի կանգի դեպքում և կկարողանան անհապաղ օգնություն ցուցաբերել՝ մինչև բժիշկների ժամանումը, նոր տեխնոլոգիաների միջոցով շտապօգնության կարգավարական կենտրոնի և կամավորների միջև կապի ապահովում:
«Ձեր ներդրումը կարևոր է։ Գրանցվե՛ք ԱՆՎՃԱՐ սիրտ-թոքային վերակենդանացման և դեֆիբրիլյատորների օգտագործման դասընթացին և դարձե՛ք հերոս: Ընդամենը 4 ժամում մենք Ձեզ կսովորեցնենք սրտի արտակարգ իրավիճակների ժամանակ արագ և արդյունավետ արձագանքման հիմնական հմտությունները: Միասին մենք կարող ենք բարձրացնել ողջ մնալու մակարդակը սրտի հանկարծակի կանգի դեպքերում։
Դարձի՛ր հերոս՝ գրանցվի՛ր այսօր»,- հայտնում են քաղաքապետարանից։