ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի է ունեցել Ռոբերտ Ամիրխանյանի 85-ամյակին նվիրված հոբելյանական համերգ. ծրագրում՝ Ռոբերտ Ամիրխանյան, «Կանտատ սիրո» խորագրով։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
Համերգին ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։
Նախարար ժաննա Անդրեասյանը հանդես է եկել շնորհավորական խոսքով.
«Շատ դժվար և պարտավորեցնող է խոսել այսքան սիրված արվեստագետի հոբելյանի առիթով, որի ժամանակակիցը լինելու պատիվ ունենք։ Սիրելի՛ մաեստրո, ջերմորեն շնորհավորում եմ հոբելյանի կապակցությամբ։ Ինձ միշտ հիացրել են Ձեր եռանդն ու ոգևորությունը, որ փոխանցվում է բոլորիս։ Ձեր բազմաժանր ժառանգությունը դարձել է մեր հանրության սեփականությունը. վստահ եմ՝ յուրաքանչյուրն ունի Ձեր ստեղծագործություններից որևէ սիրելի կտոր, որ միշտ իր հետ է։ Ձեր արվեստն ապրում է և ժամանակի մեջ դառնում անշրջելի։ Մաղթում եմ, որ Ձեր կենսասիրությունը, ստեղծագործելու ներուժն ու եռանդն անսպառ լինեն, և Դուք միշտ լինեք մեր կողքին»։
Կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը ևս հանդես է ելույթի խոսքով և շնորհակալություն հայտնել համերգի կազմակերպման համար. «Կյանքում ամենակարևորը ոգևորությունը պահպանելն է, ինչը մեր միասնության շնորհիվ է։ Պետք է ավելի ուշադիր լինենք մեր հոգու ու մտքի հանդեպ, որպեսզի կարողանանք մեր միասնությունը կոփել։ Սա իմ կյանքի ամենաերջանիկ պահն է. այսքան հայ մարդ նստած է այստեղ ժպտուն աչքերով՝ ունկնդրելու համերգը, որտեղ հյուսվում է սիրո պատմությունը»։
Համերգի մենակատար՝ Սեդա Ամիր-Կարայան, կոնտրալտո, դիրիժոր՝ Ֆրից Կրեմեր։ Համերգին մասնակցել է Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը. գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Հովհաննես Չեքիջյան։