Գործող կարգավորումների համաձայն՝ շահութահարկ վճարողի հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամուտից նվազեցվում են անհուսալի դեբիտորական պարտքերի դուրսգրման համար պահուստին կատարվող մասհանումները: Միևնույն ժամանակ 100 հազար դրամը գերազանցող ընդհանուր գումարով դեբիտորական պարտքը համարվում է անհուսալի՝ դեբիտորական պարտքի գումարը բռնագանձելու պահանջը բավարարելու կամ մերժելու վերաբերյալ դատական ակտի՝ օրինական ուժի մեջ մտնելու օրվանից: Ըստ այդմ՝ առաջարկվում է բարձրացնել 100 հազար դրամի շեմը՝ սահմանելով 300 հազար դրամ: Այդ մասին նախագիծն առաջին ընթերցմամբ Ազգային ժողովում ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
«Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2022 թվականին ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների կողմից վարույթ է ընդունվել 172 հազար 476 քաղաքացիական գործ, որից 159 հազար 683-ը կամ 93 տոկոսը գումարի պահանջով է եղել, և դրանց մի էական մասն էլ հենց այսպիսի դատական հայցերն են եղել»,- ասաց Պապոյանը:
Ըստ նախարարի՝ խոշոր տնտեսվարողները հաճախ չեն կատարում այդ նվազեցումը և վճարում են ավելացված մասի շահութահարկը, որովհետև դատարան դիմել և դատարանից 100 հազարը գերազանցող մասի համար գումարը ստանալը շատ ավելի թանկ է արժենում ու երկար է տևում, քան հարկերը: Մյուս կողմից էլ՝ փոքր տնտեսվարողները ստիպված են լինում փոքր դեպքերի համար մեծ գումարներ ծախսել, օրինակ՝ փաստաբան վարձելու համար:
«Ստացվում է մի իրավիճակ, երբ փոքրերը չեն դիմում, որովհետև շատ մեծ փող է, և ժամանակատար գործընթաց է, մեծերն էլ չեն դիմում, որովհետև պետության կողմից արտոնությունից օգտվելու հնարավորությունը գրեթե անհնար է դարձել: Դա է եղել պատճառը, որ Էկոնոմիկայի նախարարությունը քննարկել է նախագիծը»,- ասաց նա:
Նախարարը նշեց, որ ուսումնասիրվել է մի շարք երկրների փորձ, և պարզ է դարձել, որ բազմաթիվ երկրներում այդ շեմը բարձր է:
Հայաստանում 100 հազար դրամը սահմանվել է 2002 թվականին, բայց այս տարիների ընթացքում, ըստ նախարարի, կուտակային գնաճը 113.74 տոկոս է եղել, ըստ այդմ՝ 100 հազար դրամը պետք է դարձած լիներ 224 հազար դրամ. «Հիմա մենք առաջարկում ենք 300 հազար դրամը շեմ սահմանել»: