Առաջարկվում է ստեղծել լիազորող նորմ, որով կկարողանանք ստեղծել ՀՀ արագ արձագանքման բժշկական խումբ: Այս խումբը նախատեսվում է մարդասիրական առաքելության շրջանակներում ՀՀ-ում և ՀՀ-ից դուրս անհրաժեշտության դեպքում վարչապետի որոշմամբ գործուղվել այլ երկրներ մարդասիրական առաքելություն իրականացնելու համար: Այդ մասին նախագիծն առաջին ընթերցմամբ Ազգային ժողովի՝ նոյեմբերի 14-ի նիստին ներկայացրեց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը:
Նա հիշեցրեց՝ պատերազմի և պանդեմիայի շրջանում բժշկական նմանատիպ թիմեր՝ համաճարակաբանների խումբ, այրվածքաբանների խումբ, տարբեր երկրներից եկան Հայաստան՝ օգնելու քաղաքացիներին: Այժմ կարևորվել է նման թիմի ստեղծումը նաև Հայաստանում, որն անհրաժեշտության դեպքում մարդասիրական առաքելությամբ կմենի այլ երկրներ:
«Նախապես աշխատանք ենք իրականացրել, բոլոր ստանդարտները, բժշկական պրոտոկոլները, որոնք պահանջվում են այս դեպքում խմբերի կողմից, ուսումնասիրել ենք, քննարկել ենք, եկել ենք այն համոզման, որ մեր երկրում նույնպես կարող ենք նման թիմ ստեղծել և միջազգային սերտիֆիկատ ստանալ»,- ասաց նա:
Լենա Նանուշյանը նաև նկատեց՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը միջազգային սերտիֆիկատ է տրամադրում այս խմբերին, եթե դրանք համապատասխանում են առաջադրված պայմաններին: