Առաջարկվում է պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց լրացուցիչ միանվագ արձակուրդային վճարը վճարել 1 անգամ օրացուցային 1 տարվա ընթացքում: Առաջարկվում է նաև լրացուցիչ միանվագ արձակուրդային վճարը պետական պաշտոն, պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց տրամադրել ամեն դեպքում, եթե աշխատողը չի օգտագործում արձակուրդը տվյալ տարում կամ տեղափոխում է եկող տարի: Այդ մասին ««Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ներկայացրեց ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Վաչե Քալաշյանը:
Կառավարությունն առաջարկում է նաև 4 պետական մարմինների աշխատակազմերի որոշ աշխատակիցների աշխատավարձերը ոչ թե զսպել ֆոնդերով, այլ դրույքաչափերի սահմանաչափով:
«Առաջարկվում է, որ 4 մարմինների՝ նախագահի, վարչապետի, Ազգային ժողովի ու Սահմանադրական դատարանի աշխատակազմերի՝ քաղաշխատանք և տեխնիկական սպասարկում իրականացնող աշխատողների դրույքաչափը չի կարող ավելի լինել, քան 6-ը, և բոլոր այդ գործակիցների թվաբանական միջինը չի կարող գերազանցել 3,5-ը»,- ասաց նա:
Հարակից զեկուցող, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանը, անդրադառնալով առաջարկվող փոփոխություններին, նկատեց՝ հանրային ծառայությունների ոլորտը գրավիչ դարձնելու համար պետք է գնալ կտրուկ լուծումների, ըստ այդմ՝ կրճատել այն պաշտոններն ու աշխատանքները, որոնք հնարավոր է կատարել թվայնացման, տեխնիկական լուծումների միջոցով, և դրա հաշվին բարձրացնել աշխատավարձը՝ հանրային ծառայությունը դարձնելով մրցակցային:
«2018-ից հետո սիստեմը քանդվեց, ինչու չէ, նաև համակարգային կոռուպցիան քանդվեց, որը ներքևից վերև էր բարձրանում: Քանդվեց նաև մոտիվացիան՝ պետական պաշտոններ զբաղեցնելու և ընդհանրապես հանրային ծառայության մեջ լինելու: Այդ մոտիվացիան բարձրացնելու համար ցանկացած հանրային ծառայող պետք է տեսնի իր առաջընթացը և տեսնի, որ կարող է տարիների ընթացքում ունենալ կարիերայի աճ, աշխատավարձի աճ, ունենա հնարավոր բարձր պաշտոններ զբաղեցնելու, առաջխաղացում ունենալու հնարավորություն»,- ասաց պատգամավորը՝ անդրադառնալով նախագծում առաջարկվող փոփոխությունների նպատակին: