ԱԺ-ում քննարկվում է Կառավարության ներկայացրած՝ ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Հիմնական զեկուցող, ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի խոսքով՝ նախագծով ցանկանում են լրացումներ անել պետական բյուջեի մասին օրենքում մեր երկրում շարժական կապի լայնաշերտ՝ 5G տեխնոլոգիայի ներդրման ու զարգացման, այդ թվում՝ լիարժեք՝ 5G տեխնոլոգիային բնորոշ տվյալների բարձր արագություններով և ցանցի փոքր ընդհատումներով ծառայությունների մատուցումը ապահովելու համար անհրաժեշտ ռադիոհաճախականային ռեսուրսների տրամադրման աշխատանքների շրջանակում: Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախարարի 2024 թվականի օգոստոսի հրամանով ազատականացվել և Հայաստանի Հանրապետության ՀԾԿՀ տնօրինմանն է հանձնվել 3600-3800 մեգահերց ռադիոհաճախականությունների հատվածը:
«Ըստ էության, Հեռահաղորդակցության համաշխարհային միության համապատասխան ստանդարտների այն լայնաշերտ տիրույթն է, որը լավագույնս համապատասխանում է հենց 5G կապին:
Այս ամենը հաշվի առնելով և նաև հանրապետությունում շարժական կապի 5G տեխնոլոգիայի ներդրման և զարգացման աշխատանքների արդյունավետության ապահովման նկատառումներով 2300-2400 մեգահերց և 3600-3800 մեգահերց ռադիոհաճախականությունների հատվածների մրցութային հիմունքներով տրամադրման և օգտագործման պարտադիր վճարների չափերի սահմանման վերաբերյալ քննարկումները՝ անհրաժեշտություն է առաջացել 2024 թվականի պետական բյուջեի մասին օրենքով սահմանել ռադիոհաճախականությունների տվյալ տիրույթի համապատասսխան հատվածների տրամադրման և օգտագործման վճարները:
Միևնույն ժամանակ, նկատի ունենալով արբանյակային կապի գլոբալ համակարգերով շահագործվող հանրային էլեկտրոնային ցանցերով մատուցվող ծառայությունների նոր կիրառությունը, անհրաժեշտություն է առաջացել սահմանել նաև ռադիոհաճախականության օգտագործման թույլտվության տրամադրման և ռադիոհաճախականության օգտագործման պարտադիր վճարներ արբանյակային կապի գլոբալ համակարգերով շահագործվող՝ հանրային, էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի համար»,- պարզաբանեց Հայրապետյանը:
Նրա խոսքով՝ ըստ էության, մի կողմից՝ մենք 5G կապը Հայաստանում ապահովելու համար անհրաժեշտ ռադիոհաճախականությունների, ինչպես նաև արբանյակային ինտերնետ կապի հասանելիությունը ապահովելու համար սահմանել ենք կոնկրետ գումարներ, մասնավորապես՝ 1 մեգահերց ռադիոհաճախականության գոտու համար տրամադրվելիք պարտադիր վճարը միանվագ սահմանվել է 25 միլիոն դրամ, իսկ տարեկան օգտագործման վճարը՝ 16 միլիոն 800 հազար դրամ, արբանյակային ինտերնետի պարագայում՝ միանվագ՝ 3 միլիոն դրամ և տարեկան՝ 3 միլիոն դրամ՝ հաճախականությունների օգտագործման մասով:
«Մենք ակնկալում ենք օրենքը ուժի մեջ մտնելուց հետո, և եթե այս տարի հասցնի ՀԾԿ հանձնաժողովը հայտարարել մրցույթ և լինեն շահողներ, ապա 5G տեխնոլոգիաների ցանցերի զարգացման և միջազգային միտումներին համահունչ հեռահաղորդակցության ոլորտի շարունակական դինամիկ զարգացման համատեքստում 300 մեգահերց ռադիոհաճախականային հատվածը տրամադրելու պարագայում կապահովվեն 7 մլրդ 500 մլն դրամ միանվագ մուտքեր բյուջե և 5 մլրդ 40 միլիոն դրամ տարեկան լրացուցիչ մուտքեր»,- պարզաբանեց ԲՏԱ նախարարը:
Պատգամավոր Սերգեյ Բագրատյանի ճշտող հարցին՝ արդյոք երաշխավորված է, որ այդ փոփոխության արդյունքում պետբյուջե լրացուցիչ մուտքեր կունենա, նախարարը տվեց դրական պատասխան, սակայն ընդգծեց՝ այն պարագայում, եթե մասնակցեն տելեկոմ ընկերությունները և շահեն մրցույթը:
Նախարարը հորդորեց ընկերություններին մասնակցել այդ մրցույթին:
«Որովհետև եթե այս փուլում 5G տեխնոլոգիաները չներդրվեն տելեկոմների կողմից, այդ համախատասխան ներդրումները չարվեն ենթակառուցվածքներում, հասկանալի է, որ ժամանակին համահունչ տեխնոլոգիաներ այս հեռահաղորդակցության ոլորտում չենք ունենալու: Սրանով է պայմանավորված, որ մենք ակնկալում ենք ակտիվ մասնակցություն մրցույթին, և այդ պարագայում նրանք, որոնք կստանան այդ ռադիոհաճախականությունները, պարտադիր միանվագ վճարումներ պետք է կատարեն, ինչպես նաև տարեկան սահմանված վճարներ»,- պարզաբանեց Մխիթար Հայրապետյանը: