Ցանկացած բյուջեի քննարկման համար կարևորագույն հարցերից մեկը կենսաթոշակների հարցն է: Այս մասին խորհրդարանում 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկմանն իր եզրափակիչ ելույթում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի խոսքով՝ նախ՝ պետք է հասկանալ, թե ինչպես են ձևավորվում թոշակները:
«Այսօր ՀՀ-ում կա 754 հազար 431 չաշխատող թոշակառու և նպաստառու: Այս մարդկանց թոշակ ենք տալիս աշխատող մարդկանց շնորհիվ, իսկ Հայաստանում կա ընդամենը 768 հազար 547 աշխատող մարդ»,- նշեց վարչապետը:
Ինչ վերաբերում է նրան, թե երբ կլինեն թոշակները այնքան բարձր, որ տալուց վատ չզգանք, ասաց՝ դա հնարավոր կլինի միայն այն դեպքում, երբ երկրում աշխատողների թիվը չաշխատողների թվից լինի բազմակի ավելի, իսկ մենք մեր երկրում աշխատանքը չենք խրախուսում:
«Մենք անընդհատ պատճառ ենք ման գալիս՝ հիմնավորելու, թե մարդը ինչի չպետք է աշխատի: Այսօր իրենցից գոնե կրկնակի ավելի մարդ պետք է աշխատի, որ թոշակը բարձրանա»,- ասաց վարչապետը:
Պատճառներից մեկը, ըստ վարչապետի, այն է, որ տասնյակ հազարավոր մարդիկ նպաստ են ստանում:
Փաշինյանի խոսքով՝ հիմա իրենք փորձում են դա զգուշորեն փոխել և պետք է ստանձնել այդ քաղաքական պատասխանատվությունը:
«2020 թվականի նոյեմբերի 9-ին ես ասել եմ՝ այս պահին ինձ ոչ մի կարծիք չի հետաքրքրում, ես ինձ վրա եմ վերցնում պատասխանատվությունը և այս թուղթը ստորագրելու եմ, ու համարում եմ, որ ճիշտ եմ արել, ինչո՞ւ եմ արել՝ ուրիշ խնդիր է: Պահեր են գալիս, որ դու պետք է վերցնես պատասխանատվություն։ Պետությունը չի կարող գոյություն ունենալ առանց պատասխանատվության»,- նշեց Փաշինյանը:
Վարչապետի խոսքով՝ եթե ամբողջ պետական համակարգի պարգևավճարները կտրենք, ապա այդ դեպքում թոշակները կբարձրանան ընդամենը 1000 դրամով:
«Բայց մենք ուրիշ բան ենք արել, այդ պարգևավճարների աշխատողների հետ աշխատել ենք, հետվճարի համակարգ ենք ստեղծել, թոշակառուն նախորդ տարի միջինը 3000 դրամ հետ է ստացել: Այսինքն՝ այդ 1000 դրամը չենք տվել, ծախսել ենք և դրա արդյունքում 3000 դրամ վերադարձրել ենք: Սխա՞լ ենք արել:
Էլ չեմ ասում՝ երրորդ հանրապետության պատմության մեջ առաջին անգամ 2023 թվականին նվազագույն թոշակը գերազանցել է պարենային նվազագույն զամբյուղը։ Դա նշանակում է՝ առաջին անգամ ՀՀ-ն 2023-ին իր թոշակառուին տվել է այնքան թոշակ, որ նա դրանով ի վիճակի լինի այնքան կալորիա ձեռք բերի, որ չմահանա: Բա 30 տարվա պետությունը առաջին անգամ նվազագույն կալորիա է կարողանում ապահովի իր քաղաքացու համար»,- ընդգծեց վարչապետը: