Հայաստանում նման երևույթ կա, որ մոդա է. պատմական Հայաստանի մոդան է: Ջահել տղա է, խոսում ես հետը, ասում է՝ ես սասունցի եմ, մյուսն ասում է՝ ես մշեցի եմ, 5-րդն ասում է՝ դե, ես վանեցի եմ, 7-րդն ասում է՝ ես խոյեցի եմ, 8-րդն ասում է՝ ես իգդիրցի եմ... Շատ լավ, շատ լավ հասկանում եմ, բայց ես ուզում եմ հասկանալ՝ բա դիլիջանցին ո՞վ է այս երկրում, երևանցին ո՞վ է, աշտարակցին ո՞վ է այս երկրում: Այդ մասին Ազգային ժողովում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ես հիմա ուզենամ էլ, չեմ կարող ո՛չ մշեցի լինել, ո՛չ վանեցի, որովհետև ես իջևանցի եմ, հայաստանցի եմ: Ես էլ եմ ուզում, բայց ես սենց ապազգային տարր եմ, Ենոքավանից այն կողմ չեմ կարողանում գնալ, ինչքան արխիվները քանդում եմ, ասում եմ՝ նման էջ էլ ինձ համար բացեմ, չեմ կարողանում:
Ժողովո՛ւրդ, մենք չեք հասկանում մի պարզ բան. երբ մենք Դիլիջանում ենք ապրում, ասում ենք՝ ես վանեցի եմ, մենք Դիլիջանը կորցնում ենք, մենք միջանցք ենք բացում, որ ասեն՝ էդ եք, էդտեղ մարդ չկա բնիկ, այստեղից-այնտեղից եկած ենք, բա էս էլ հին թուրքական քաղաք է, էս էլ հին ադրբեջանական քաղաք է... Բա լսում են, թե ամբիոններից ինչ ենք խոսում:
Եվ մենք կորցնում ենք մեր պետությունը: Մենք կորցրել ենք մեր պետությունը: Այս նախադասությունը երկար որոշել էի չասել, բայց մեկ է՝ պիտի ասեմ:
Վերջին տարիներին հատկապես ես տասնյակ անգամներով կարդացել եմ մեր Անկախության հռչակագիրը և եկել եմ մի սարսափելի եզրակացության, որ այդ Անկախության հռչակագրի բովանդակությունն այն մասին է, որ ՀՀ չի կարող գոյություն ունենալ: Եվ սա մեր ամենամեծ պրոբլեմն ու ողբերգությունն է:
Հիմա հարցը. ո՞վ է իրական Հայաստանը, և ո՞րն է իրական Հայաստանը: Հետևյալն է՝ իրական Հայաստանի քաղաքացին նա է, ով այստեղից դուրս (ցույց է տալիս ՀՀ քարտեզը - խմբ.) հայրենիք ու պետություն չի փնտրում: Այո՛, փնտրել-փնտրել-փնտրել է ու գտել է իր հայրենիքը՝ Հայաստանի Հանրապետությունը»,- ամփոփելով ելույթը՝ ասաց Փաշինյանը: