2018-2021-ը, որպես ՀՀ վարչապետ, ես մի քանի անգամ մնացել եմ ճանապարհներին: Այդ մասին Ազգային ժողովում 2025 թվականի պետական բյուջեի քննարկման վերաբերյալ ամփոփիչ ելույթի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ընդդիմության՝ ծառայողական մեքենաներին առնչվող քննադատությանը:
Վարչապետը հիշեց՝ մի անգամ Մարտունիի կենտրոնում իր ծառայողական մեքենան փչացել է, քաղաքացիներն են մոտեցել օգնության, խորհուրդներ տվել, թե ինչ պետք է անել:
«Ասում են՝ էժան ավտո առեք: Կարող ենք «Զապոռոժեց» առնել, բայց տարին 7 անգամ պիտի առնենք: Ստանդարտ գոյություն ունի անվտանգության, ու ոչ մեկը ամենաթոփ ստանդարտով չէ, բոլորն էլ նվազագույն ստանդարտով են: Դեռ հարց է՝ դա լա՞վ է, թե՞ վատ»,- ասաց նա:
Անդրադառնալով ծառայողական մեքենաների թվի մասին Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, 2018 թվականից սկսած՝ 46 տոկոսով կրճատվել է, վարչապետը նշեց. «Կառավարությանն էլ է կրճատվել, բայց ոչ այն չափով, ինչ չափով պետք է կրճատվեր»: