ՌԴ Մոսկվա քաղաքում նոյեմբերի 12-ին մեկնարկել է BEE-TOGETHER թեթև արդյունաբերության 18-րդ միջազգային ցուցահանդես-հարթակը, որտեղ ներկայացված է նաև Հայաստանի թեթև արդյունաբերության ոլորտը։ Այդ մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։
Մասնակցությունը հարթակին կազմակերպվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության (ՄԱԱԶԿ) «Թեթև արդյունաբերության արդիականացման» ծրագրի հետ համատեղ՝ ոլորտի գործարարների ներգրավմամբ։
BEE-TOGETHER-ը առաջատար գործարար հարթակ է, որն անց է կացվում տարին երկու անգամ՝ ներգրավելով առաջատար նորաձևության բրենդների, գործարանների, արտադրողների, մեծածախ և ցանցային խանութների ներկայացուցիչների՝ հնարավորություն տալով ստեղծել գործարար կապեր պոտենցիալ գնորդների հետ, փոխանակվել ապրանքների նմուշներով և ստանալ արտադրության պատվերներ, որոնք կարող են հանգեցնել հետագա երկարաժամկետ համագործակցության։
Միջոցառման ընթացքում տեղի են ունեցել նաև մի շարք գործարար հանդիպումներ հայաստանյան և արտասահմանյան կազմակերպությունների միջև։