Փորձում էի հասկանալ՝ որտեղից է գալիս մեր դաշնակցական գործընկերների ֆետիշը պետական պաշտոնյաների թիկնապահների վերաբերյալ, և ինձ թվում է՝ ես հասկացա: Այդ մասին Ազգային ժողովում 2025 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը և պարզաբանեց՝ ինչի մասին է խոսքը:
«1996 թվականին, երբ առաջին անգամ ներխուժում տեղի ունեցավ ԱԺ, ծեծի և բռնության ենթարկվեցին ԱԺ նախագահն ու նախագահի տեղակալը, Դաշնակցությունը ակտիվ ներգրավվածություն ուներ այդ գործընթացում:
1999 թվականին, երբ արդեն երկրորդ անգամ զինված ներխուժում տեղի ունեցավ ԱԺ, և սպանվեցին ԱԺ նախագահը, երկու տեղակալները, վարչապետը, այլ պաշտոնյաներ, տեռորիստական խմբի ղեկավարը նախկին դաշնակցական էր: Կարծում եմ՝ Աղվան Վարդանյանը կվկայի, որ դաշնակցականը նախկին չի լինում:
2018 թվականին, երբ երրորդ անգամ տեղի ունեցավ ներխուժում ԱԺ, և մահափորձ տեղի ունեցավ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ, նույն պահին դաշնակցության ներկայացուցիչներից մեկը գրոհում էր «Ազատություն» ռադիոկայանի գրասենյակը. էլ չեմ ասում՝ քանի դաշնակցականներ էին ներգրավված այդ անկարգությունների ժամանակ: Սրանք ակնհայտ և անհերքելի փաստեր են:
Ես կարող եմ ենթադրել միայն մի բան, որ մեր դաշնակցական գործընկերները բողոքում են, որ պետական պաշտոնյաներն ունեն թիկնապահներ, որոնք, ի դեպ, իրենց ընտրությամբ չէ, որ ունեն, հատուկ պահպանվող անձինք են՝ վարչապետ, ԱԺ նախագահ և այլն, իրենք բողոքում են, որովհետև ուզում են, որ հաջորդ մահափորձն ավելի հեշտ իրականացնեն կամ իրականացնեն. միակ տրամաբանական բացատրությունը սա է:
Բայց միևնույն ժամանակ մեր դաշնակցական գործընկերները պարադոքսալ կերպով չեն բողոքում, որ Ռոբերտ Քոչարյանը թիկնապահ ունի, հիմա էլ ունի:
Ինչո՞ւ, սիրելի՛ գործընկերներ, չեք գնում, ձեր քաղաքական ուժի ղեկավարին ասում՝ պարո՛ն Քոչարյան, փորձը ցույց է տալիս, որ երբ դուք թիկնապահ ունեք, մեկ-մեկ դաշնակցականներ են սպանվում, եկեք դուք ամեն դեպքում մի՛ ունեցեք թիկնապահ, մարդ ես, կարող է մեկիս տա, «անդազահան» անի»,- ասաց Ռուբինյանը: