Ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կրկին անդրադարձել է Հարավային Կովկասի իրադրությանը և բարձր գնահատել 2021 թվականի հունվարին Մոսկվայում կայացած Պուտին-Ալիև-Փաշինյան եռակողմ հանդիպումը:
«Մենք, ի տարբերություն արևմտականների, շահագրգռված ենք անվտանգ, կայուն Հարավային Կովկասով։ Մենք այնտեղ ներկա ենք, այնտեղ մեր շահերն են, մենք պատրաստ ենք զարգացնել այդ տարածաշրջանը։ Ռուսաստանը պատրաստ է շարունակել համակողմանի աջակցություն ցուցաբերել հայ և ադրբեջանցի գործընկերներին՝ կայուն խաղաղության հասնելու համար»,- ասել է Զախարովան։
Նա բարձր է գնահատել Ռուսաստանի և անձամբ ՌԴ նախագահի գործադրած զգալի ջանքերը՝ պայմանավորվածություններ ձեռք բերելու համար, «որոնք կանգնեցրել են արյունալի պատերազմը»։
«Ընդամենը 2 ամիս անց՝ 2021 թվականի հունվարին, Մոսկվայում, ՌԴ նախագահի առաջարկով, տեղի ունեցավ գագաթաժողով, նաև Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ, որտեղ տրվեց խաղաղ գործընթացի մեկնարկը։ Հարավային Կովկասում տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցով Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների համանախագահությամբ ստեղծվեց եռակողմ աշխատանքային խումբ, իսկ հետագայում 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության հիման վրա ձևավորվեց եռակողմ պայմանավորվածությունների ամբողջ համալիրը, որոշվեցին հայ-ադրբեջանական կարգավորման հիմնական ուղղությունները»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։
Զախարովան ընդգծել է, որ հաջողվել էր իրական լուրջ արդյունքների հասնել մի շարք հարցերի շուրջ, օրինակ՝ 2023 թվականի հունիսին եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում մենք մոտ էինք տարածաշրջանում տրանսպորտային ուղիների գործնական վերականգնմանը, սակայն, նրա խոսքով՝ Արևմուտքի ճնշման ներքո Երևանը «սառեցրեց» իր մասնակցությունը խմբում, այնուհետև բոլոր եռակողմ ձևաչափերում։
Ըստ Զախարովայի՝ «ԱՄՆ-ն և ԵՄ-ն, որոնք փորձել են միջնորդ լինել, չկարողացան որևէ բան անել, նրանք միայն կարողացան պատճենել մեր զարգացումները, միևնույն ժամանակ խեղաթյուրեցին դրանց էությունը»։