ԱՄՆ ընտրված նախագահը սկսել է ձևավորել իր վարչակազմը: Նա պետք է նշանակի 15 կառավարական հաստատության ղեկավարների, որոնց էլ պետք է հաստատի Սենատը, ինչպես նաև աշխատակիցներ այլ բարձրագույն վարչական պաշտոններում: Թրամփն արդեն կողմնորոշվել է մի շարք նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարների թեկնածուների հարցում։
Ազգային անվտանգության գծով խորհրդականի պաշտոնում Թրամփն առաջադրել է Մայք Ուոլցի թեկնածությունը, որը, ըստ ամերիկյան ԶԼՄ-ների, կոշտ դիրքորոշում ունի Չինաստանի և Ուկրաինային աջակցության հարցերում, քննադատում է Հյուսիսատլանտյան դաշինքը:
Պետքարտուղարի պաշտոնում ԱՄՆ ընտրված նախագահը դիտարկում է Ֆլորիդայից սենատոր Մարկո Ռուբիոյին: Նա ևս կոշտ դիրքորոշում ունի Չինաստանի և Իրանի նկատմամբ, նաև դեմ է Ուկրաինային ռազմական աջակցության շարունակմանը և հանդես է գալիս բանակցությունների օգտին, անգամ եթե Կիևը ստիպված լինի հրաժարվել ռուսական վերահսկողության տակ անցած տարածքներից:
Ռուբիոն տեղեկացված է նաև Հարավային Կովկասից: 2022 թվականին նա Ռոբերտ Մենենդեսի հետ օրինագիծ էր շրջանառության մեջ դրել, որով դատապարտվում էր Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիան և կոչ էր արվում Բաքվին պատժամիջոցների ենթարկել։ 2023 թվականի աշնանը՝ Լեռնային Ղարաբաղի հայաթափումից հետո, Ռուբիոն միացել էր «Հայաստանի պաշտպանության ակտին», որը Բայդենի վարչակազմին կոչ էր անում դադարեցնել ռազմական օգնության տրամադրումն Ադրբեջանին։
Պենտագոնի ղեկավարի պաշտոնում Դոնալդ Թրամփն առաջարկում է Fox News-ի հաղորդավար և ԱՄՆ բանակի վետերան Փիթ Հեգսեթին: «Նա կոշտ է, խելացի և իսկապես հավատում է, որ առաջին հերթին Ամերիկան է»,- ասել է Թրամփը:
Tesla-ի և Space X-ի հիմնադիր Իլոն Մասկը և միլիոնատեր Վիվեկ Ռամասվամին ևս կմիանան Թրամփի թիմին: Նրանք կգլխավորեն ԱՄՆ կառավարության արդյունավետության նոր դեպարտամենտը, որը ֆինանսական և բյուջետային խորհրդատվություն կտրամադրի կառավարությանը, կնպաստի ձեռնարկատիրական ոլորտի զարգացմանը: «Իմ վարչակազմի համար նրանք ճանապարհ կհարթեն՝ վերացնելու պետական բյուրոկրատիան, կրճատելու ավելորդ կանոնակարգերն ու վատնվող ծախսերը, վերակազմավորելու դաշնային գործակալությունները»,- ասվում է Թրամփի հայտարարության մեջ:
Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարը կարող է լինել Սյուզի Ուայլսը, որը վերջին երկու տարին աշխատել է Թրամփի նախընտրական արշավի վրա և մեծ հարգանք է վայելում որպես քաղաքական գործիչ: