Նոյեմբերի 12-ին Շվեդիա այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ստոկհոլմի քաղաքային խորհրդի նախագահ Օլլե Բուրելի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Զրուցակիցները քննարկել են Երևանի և Ստոկհոլմի միջև համագործակցության հաստատման հնարավորությունները: Առանձնանշվել են հատկապես այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են կանաչ անցումը, քաղաքային կյանքի տարբեր ոլորտներում նորարարությունների շարունակական ներդրումը, տեղական ինքնակառավարման մարմիններում կանանց ու քաղաքացիական հասարակության ներգրավվածության ավելացումը:
Արարատ Միրզոյանը և Օլլե Բուրելը մտքեր են փոխանակել ժողովրդավարական բարեփոխումների կարևորության, ժամանակակից պայմաններում ժողովրդավարության խթանման ճանապարհին առկա մարտահրավերների շուրջ՝ ընդգծելով դրանց հաղթահարման նպատակով տարբեր հարթակներում և մակարդակներով ակտիվ փոխգործակցության հրամայականը:
Հանդիպման ավարտին նախարար Միրզոյանը Օլլե Բուրելի ուղեկցությամբ կարճատև շրջայց է կատարել քաղաքային խորհրդի՝ պատմական նշանակության շենքում: