ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է ընդդիմադիր պատգամավորներից մեկի պնդմանը, թե ռազմարդյունաբերության ոլորտում բյուջետային ծախսերի կատարողականը զրո է եղել։
«Այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, ավելին, պետք է ասեմ, որ եթե հավելյալ ժամանակ տրամադրեր, կարող էր ուսումնասիրել նախորդ տարիները, որ հիմնական պայմանագրերը ռազմարդյունաբերական ընկերությունների հետ տարեվերջին են կնքվել։ Այս պահին արդեն իսկ ծախսերը արված են, պայմանագրեր առկա են, մինչև դեկտեմբերի 10-ը նախատեսվում է արդեն նոր հայտերով դրական եզրակացություն ստացած ընկերություններին շուրջ 915 մլն դրամի կանխավճարներ վճարել, 420-430 մլն դրամի դեռևս գործող պայմանագրերի նոր փուլերով կատարել համապատասխան վճարումները․ մեր կանխատեսումներով՝ նվազագույնը 200 մլն-ից ավելի կատարողական ենք ունենալու 2023-ի համեմատ»,- ասաց նա։
Հայրապետյանը նշեց, թե իրականում պետք է արձանագրել, որ վերջին տարիներին շուրջ 4,5 մլրդ դրամի բյուջեից անհամեմատ ավելի քիչ գումարներ են ծախսվում ռազմարդյունաբերական համալիրի հենց գիտահետազոտական աշխատանքների և փորձարարական մշակումների գծով։
«Մենք չենք գնում հեշտ ճանապարհով՝ գանք և ԱԺ-ին ասենք, որ վերանայվի այդ բյուջեն, որովհետև սա է մեր ներուժը, հակառակը, մենք գնահատել ենք այդ ներուժը, և ոլորտում ներգրավված 2500 ինժեներներ, որ այս պահին գեներացնում են ավելի քան 6 մլդ դրամի հարկային մուտքեր պետբյուջե, իրականում շատ ավելի մեծ ներուժ ունեն, թե այս ինժեներական ներգրավվածությունը մեծացնելու ռազմարդյունաբերական համալիրի ընկերություններում, թե ավելի նորարար պրոդուկտներ ստանալու իմաստով։ Պարզապես մի շարք հավելյալ կարգավորումների անհրաժեշտություն կա միջավայրն ավելի բարենպաստ դարձնելու, որ բիզնեսը մոտ գա և ցանկանա օգտվել այդ պետական դրամաշնորհային ծրագրից»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։