ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին մասնակցելը համարում եմ շատ կարևոր և արդյունավետ, որովհետև այնտեղի շփումների մի մասը լուսաբանվում է, մի մասը չի լուսաբանվում: Նման միջոցառումներում շփումների շրջանակը շատ ավելի լայն է: Այդ մասին ԱԺ-ում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանի՝ ԲՐԻԿՍ-ի շրջանակում եղած հանդիպումների վերաբերյալ հարցին:
«Ուզում եմ գոհունակությունս հայտնել Ադրբեջանի նախագահի հետ իմ և ընդլայնված կազմով շփումների վերաբերյալ»,- նշեց Փաշինյանը:
«Կարող է մի քիչ տարօրինակ հնչել, որ այդքան երկար խոսակցություն կա՛մ վաղուց, կա՛մ ընդհանրապես չէինք ունեցել: Ընդ որում՝ մենք զգում էինք, գոնե ես, որ մի փոքր էլ կոռեկտության խնդիր կա, որովհետև մյուս լիդերները ելույթ են ունենում, մենք այդ ընթացքում մտքեր էինք փոխանակում, բայց շատ կարևոր զրույց տեղի ունեցավ»,- ասաց նա:
Վարչապետը հնարավորի սահմաններում հայտնեց, թե ինչի մասին է եղել խոսակցությունը:
«Իմ տեսակետից և իմ կարծիքով՝ ամենակարևոր հատվածը, որ միտք է հնչել, և ես կարծում եմ, որ Հայաստանը և Ադրբեջանը խաղաղ համակեցության և խաղաղ գոյակցության համար ունեն ոչ միայն խաղաղության պայմանագրի և տարբեր պայմանագրերի կարիք, իմ կարծիքով՝ ունեն ռազմավարական գործարք կնքելու կարիք այն մասին, թե ինչ բանաձևերի շրջանակում ենք մենք առաջիկա հարյուրամյակներում որպես անկախ պետություն պատրաստվում կողք կողքի ապրել, որովհետև, կարծում եմ՝ սա ամենակարևոր և ֆունդամենտալ հարցն է: Պետք է նաև ասեմ, որ ինքս ունեմ որոշակի պատկերացումներ այդ ռազմավարական գործարքի վերաբերյալ, և կարող եմ ասել, որ մենք ունենք պատկերացումներ այդ ռազմավարական գործարքի վերաբերյալ: Այդտեղ էլ գաղտնիք, մեծ հաշվով, չկա: Ըստ էության՝ ռազմավարական գործարքի մասին մեր պատկերացումը հենվում է իրական Հայաստանի հայեցակարգի վրա մեր տեսակետից և դիրքորոշմամբ, և այդ խոսակցությունը, իհարկե, շատ կարևոր եմ համարում: Չնայած այդ խոսակցությունը դեռ պետք է քաղաքական դրսևորումներ ունենա: Բայց պետք էլ չի ակնկալել, որ նման խոսակցություններն ինքնաբերաբար քաղաքական դրսևորում ունենում են»,- նշեց Նիկոլ Փաշինյանը: