Փաստացի, Հայաստանում չկա գիտելիք, չկա մասնագետ, որ երբևէ գոնե մեկ անգամ արել է այն աշխատանքը, ինչը հիմա արվում է, և ինչքան էլ տեղին է դժգոհությունը, բայց մենք չենք կարող կամուրջը բացել, հետո փակել: Կամուրջը ունի լրջագույն խնդրներ և պետք է լրջագույն հիմնանորոգման ենթարկվի: Այդ մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ անդրադառնալով Նոր Հաճնի փակ կամրջի վերանորոգման աշխատանքների ձգձգմանը:
Սանոսյանը հիշեցրեց՝ խոսքը Հայաստանի ամենաերկար կամրջի մասին է, այն նաև եզակի կամուրջ է, մետաղական է, և առաջին անգամ է այդ մեթոդով, մասշտաբով և ծավալով հիմնանորոգվում:
«Բացելուց հետո պարզվեցին մի շարք այլ հարցեր, որոնք նախագծով չկային, որովհետև կամուրջներն ինչով են տարբերվում ճանապարհներից, որպես կանոն, կամուրջներն ունենում են նախնական նախագիծ, իսկ հիմնական նախագիծը լինում է այն ժամանակ, երբ կամրջի վրա առկա շերտերը հեռացվում են, նոր երևում է՝ կամուրջն ինչ աստիճանի վնասվածություն ունի, և ինչ չափի աշխատանք է պետք անել:
Այս կամրջի պարագայում անհրաժեշտ են եղել օգտագործել այնպիսի նյութեր, որոնք Հայաստանում չկան, և շինարարական ընկերությունը բախվել է այդ դժվարության հետ, որ այդ նյութերը պետք է ներմուծել: Ընդ որում՝ խոսքը 1 սանտիմետր հաստությամբ բիտումապատ ռուլոններով նյութի մասին է (իզոգամ են ասում՝ եթե բառը ճիշտ եմ գործածում): Բայց դա շատ հատուկ նյութ է, 1 սանտիմետրանոցը չեն գտել, հիմա 2, 0.52 սանտիմետրանոց շերտ են անում, կրկնակի են անում, որպեսզի կարողանան անել այն առաջադրանքը, ինչը նախագծով տրված է: Ուզում եմ ասել՝ կան որոշակի խնդիրներ:
Անդրադառնալով ժամկետներին՝ Սանոսյանը նշեց, որ կամրջի վերականգնման ժամկետը 2025 թվականի գարունը կամ ամառն է, այսինքն՝ ժամկետներ չեն խախտվել: Այլ բան է, որ ցանկություն կա՝ աշխատանքները հնարավորինս արագ ավարտելու:
Ըստ Սանոսյանի՝ շինարարի հետ պայմանավորվածությունը կա: Ճիշտ է, մինչև տարեվերջ աշխատանքներն ամբողջությամբ ավարտված չեն լինի, բայց երթևեկության համար կամուրջը կբացվի:
Հասկանում եմ, որ անհարմարություն կա, ներողություն եմ խնդրում անհարմարության համար, բայց Հայաստանի ամենամեծ կամուրջն է, եզակի կամուրջ է, առաջին անգամ այս ծավալի վերանորոգման է ենթարկվում, և մեր բոլոր հայրենակիցներին, ինչքան էլ անհարմարություններ ենք պատճառում, չէինք կարող կամուրջը չփակել, վթարային էր, և նման տիպի վերանորոգման չենթարկել»,- ասաց նա և ամփոփելով խոսքը՝ հայտարարեց՝ կփորձեն կամուրջը երթևեկության համար մինչև տարեվերջ կա՛մ մասնակի, կա՛մ ամբողջությամբ բացել: