Երեկ Արսեն Թորոսյանի և ձեր կողմից հարցը բարձրացնելուց հետո (դիմում է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Նարեկ Բաբայանին - խմբ.) ես եկել եմ որոշման, որ այդ երկու տարվա սահմանափակումը չենք կիրառի՝ ինքս համաձայն չլինելով դրա հետ: Այդ մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով քննարկվող մի նախագծի, ըստ որի՝ էլեկտրական մեքենաների քվոտայի՝ մյուս տարվա բաշխումը տեղի է ունենալու այլ մեխանիզմով: Եթե որոշումն ընդունվի, ԱԱՀ-ից կազատվեն միայն 2022 թվականի դեկտեմբերի 31-ից հետո թողարկված մեքենաները:
Վարչապետն ասաց, որ այդ որոշման մասին ԱԺ-ի վաղվա նիստին առավել մանրամասն կխոսի, իսկ մինչ այդ պարզաբանեց, թե ինչու է նման որոշումը կայացրել:
«Կարծում եմ, որ պետական մարմինները ճիշտ չեն կոմունիկացրել հարցը, և միայն այդ պատճառով մենք պետք է այդ որոշումը կայացնենք՝ դրա հետ համաձայն չլինելով:
Պետք է արձանագրենք, որ 2025 թվականի քվոտաները բաժանվելու են հետևյալ տրամաբանությամբ՝ 5000 քվոտա կտրվի քաղաքացիներին, 3000-ը՝ դիլերներին, այսինքն՝ այն պաշտոնական ներկայացուցիչներին, որոնք իրենց հետ բերում են ծառայություններ, հակառակ դեպքում կունենանք էլեկտրամոբիլներ, դրանք սպասարկող ենթակառուցվածքը չենք ունենա»,- ասաց վարչապետը:
Այս համատեքստում Փաշինյանը նաև նկատեց՝ նախկինում էլ բազմաթիվ հարցերում Կառավարությունը ստիպված է եղել կայացնելու ոչ ճիշտ որոշումներ, որովհետև այդ որոշումները բավարար չափով համապատասխան չեն եղել պետականության տրամաբանությանը:
«Մենք անընդհատ այս ցիկլի մեջ ենք: Մի հատ որոշում ենք կայացնում, որը բավարար պետական և ինստիտուցիոնալ չէ, հետո դրա արդյունքում կայացնում ենք հաջորդ որոշումը, որը էլի պետական և ինստիտուցիոնալ չէ, հետո դրա արդյունքում՝ 4-րդը, 5-րդը, 6-րդը:
Ուզում եմ անկեղծորեն իմ մտահոգությունն արտահայտել այս առիթով՝ լինելով Կառավարության ղեկավար: Կարծում եմ՝ մի իքս պահի պետք է այս աշխատաոճը դադարեցնենք, որովհետև այսպես մենք պետություն չենք կառուցի,- ասաց նա, ապա եզրակացրեց. - Պետք է չուզենալով լուծենք [հարցը], որովհետև ի սկզբանե մեր պետական կոմունիկացիան եղել է ոչ ճիշտ, և դա միակ պատճառն է, որ մենք այդ որոշումը պետք է կայացնենք: Ասեմ, որ ես համարում եմ, որ սխալ որոշում է, բայց եթե սխալ կոմունիկացիա է եղել, պետք է սխալ որոշում կայացնենք»: