Հարյուր օր առաջ իրականացվեց մեծահասակի առաջին ալոգեն փոխպատվաստումը, որը բարդագույն վիրահատական և բազմակոմպոնենտ բժշկական միջամտություն է: Այդ մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Հունանյանի հարցին:
«Սպասելով 100 օրվան՝ կարող ենք արձանագրել, որ այն բարեհաջող է ընթացել: Մենք արդեն 14 երեխաների նմանատիպ վիրահատություն իրականացրել էինք: Այս ծրագիրը ներդրվել է նաև պետական աջակցության շնորհիվ: Մենք ունեցել ենք եվրոպական գործընկերների գործուն աջակցությունը և կարողացել ենք հենց ներդրումներ իրականացնել թիմի վերապատրաստման, սարքավորումների, անհրաժեշտ բոլոր նյութածախսի համար»,- նշեց նախարարը:
«Այսօր կարող ենք փաստել, որ տարածաշրջանում մենք առաջիններից ենք, որ կարողանում ենք նման բարդագույն միջամտություն իրականացնել: Նման ծառայությունների ապահովումը կարևոր է ոչ միայն մեր քաղաքացիների համար, ինչը մեր առաջնային նպատակն է, այլ պետք է նշենք, որ նման հնարավորության պարագայում մենք պետք է դիտարկենք այլ երկրներից ժամանող պացիենտների բուժումները, և դա կարևորագույն խթան է թե՛ տնտեսության, թե՛ առողջապահական համակարգի համար: Այո՛, մենք պատրաստ ենք այլ երկրներից բուժառուներ ընդունել: Նշեմ, որ երեխաներից 6-ը եղել են աֆրիկյան երկրներից, որոնք եկել են Հայաստսան, բուժվել են, անցել են այս բարդ միջամտությունը, և հաջորդիվ էլ մեր բոլոր բժշկական նոր ծառայությունների ներդրման մեջ բժշկական տուրիզմը կարևորագույն տեղ է գրավելու»,- ասաց Անահիտ Ավանեսյանը:
Նա ընդգծեց, որ ընդհանուր ուռուցքաբանության ոլորտում մենք շատ մեծ առաջընթաց ունենք: «Այսօր մեր բուժառուները ստանում են ամբողջական բարձրակարգ որակյալ ծառայություններ հենց ՀՀ-ում, շուտով դրանք նաև հատվածական կներառվեն պետական պատվերի շրջանակներում: Սա է մեր քաղաքականությունը. առաջնահերթ ապահովել, որ մեր քաղաքացիները անհրաժեշտ բուժօգնությունը կարողանան ստանալ Հայաստանում, և նպաստելով ոլորտի զարգացմանը՝ ապահովենք առողջապահությունը որպես տնտեսական ճյուղ և բժշկական տուրիզմի զարգացումը մեր երկրում»,- նշեց առողջապահության նախարարը: