ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել նախարարին կից ոչ նյութական մշակութային ժառանգության հարցերի մասնագիտական խորհրդի հերթական նիստը:
ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են, որ նիստի սկզբում միաձայն քվեարկությամբ խորհրդի նախագահ է վերընտրվել ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի արվեստի ինստիտուտի ժողովրդական երաժշտության բաժնի ավագ գիտաշխատող, երաժշտագետ Հռիփսիմե Պիկիչյանը:
Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգության՝ անհապաղ պաշտպանության կարիք ունեցող և կենսունակ արժեքների ցանկերում Հայաստանի տարբեր համայնքների, գիտական և մշակութային կազմակերպությունների ներկայացրած առաջարկները:
Խորհրդի անդամները հանդես են եկել մասնագիտական դիտարկումներով և առաջարկություններով:
Մասնագիտական խորհրդի անդամները, քննարկելով ներկայացված առաջարկները, կարևորել են ոչ նյութական մշակութային ժառանգության անհապաղ և կենսունակ արժեքներ հասկացությունները ներկայացված առաջարկների անվանումների վերանայումը՝ ըստ պատմական հակիրճ տեղեկանքի, բնութագրականի, արժեքի անհապաղ պաշտպանության և կենսունակության հիմնավորումների: Նիստի ընթացքում նշվել է առաջարկների սոցիալ-մշակութային նկարագրության կարևորությունը՝ որպես ոչ նյութական մշակութային ժառանգության բնութագրական:
Ամփոփելով նիստը՝ խորհուրդը որոշել է ներկայացված առաջարկների մի մասը մասնագիտական դիտարկումների համաձայն՝ ուղարկել լրամշակման, ինչպես նաև դիտարկել նոր առաջարկների ստացման հնարավորությունը:
Նշենք, որ ՀՀ Կառավարության 2024 թ. հոկտեմբերի 31-ի N 1719-Ա որոշմամբ հաստատվել է Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը, որը կազմված էր 51 տարրից, համալրվել է ևս 17-ով:
Տեղեկանք: Պետական ցանկերում նոր տարր ընդգրկելու վերաբերյալ առաջարկություններ կարող են ներկայացնել ՀՀ համայնքները, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները, հասարակական կազմակերպություններն ու հիմնադրամները, գիտական, մշակութային և կրթական կազմակերպությունները, ստեղծագործական միությունները և ոչ նյութական մշակութային ժառանգության անհատ կրողները` համապատասխան հիմնավորմամբ դիմելով պետական լիազոր մարմին և լրացնելով առաջարկին կից համապատասխան ձևաչափը, որը կարելի է ներբեռնել հետևյալ հղումով՝ https://tinyurl.com/5n88jnmm: