Բյուջեի նախագծի այս քննարկման ժամանակ մի շատ կարևոր բան տեղի ունեցավ. այսօր խորհրդարանի այս դահլիճում արձանագրվեց իրական Հայաստան գաղափարախոսության բացարձակ, տոտալ, անտարակույս հաղթանակը: Այդ մասին Ազգային ժողովում 2025 թվականի պետբյուջեի քննարկման շրջանակում իր ելույթի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:
«Ընդդիմադիր խմբակցությունների՝ մոտ 3-4 ժամ հանրագումարային խոսույթի ժամանակ ԼՂ-ի, արտաքին նվաճումների, նկրտումների և մնացածի մասին ընդհանուր գումարային հաշվարկով խոսվեց զրո րոպե:
Մեր ընդդիմությունը խոսեց ներքին խնդիրների մասին, ենթադրյալ կոռուպցիայի մասին, բյուջեի վատ կազմակերպման մասին, ֆինանսական խնդիրների մասին: Լավ արեց, ողջունում եմ դա, ողջունում եմ, որ ընդունեցիք իրական Հայաստանի գաղափարախոսության հաղթանակը, ամբողջությամբ ընդունեցիք դա, և մտաք այդ գաղափարախոսության դաշտում աշխատանքի ծիր: Այն, որ այդ աշխատանքը որոշակի թերացումներով և փոքր-ինչ անորակ եք անում, հարցի երկրորդ կողմն է, բայց ես ողջունում եմ այն սահմաններն ու աշխատանքի այն շրջանակը, որ դուք ինքներդ ձեզ համար ընդունում եք, որովհետև, վստահեցնում եմ ձեզ, որ ՀՀ քաղաքացին հենց դա է ուզում, ՀՀ քաղաքացին ուզում է, որ իր խորհրդարանում ընդդիմադիր խմբակցությունները բարձրացնեն սոցիալական բնույթի հարցեր, ենթադրյալ կոռուպցիայի մասին հարցեր, աշխատեն հանուն իրական Հայաստանի»,- ասաց նա: