Առաջնահերթությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումն է: Այդ մասին Ազգային ժողովում 2025 թվականի պետբյուջեի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Ընթացիկ տարում մենք ունեցել ենք էական ձեռքբերում: Մենք ստորագրել ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև երբևէ գոյություն ունեցած առաջին միջազգային իրավական փաստաթուղթը, պայմանագիրը. դա սահմանազատմամբ զբաղվող երկու հանձնաժողովների համատեղ գործունեությունը կանոնակարգող կանոնակարգն է, որն ուժի մեջ է մտել ԱԺ-ի կողմից, վավերացվել է, համապատասխան ներպետական ընթացակարգերն անցել է Ադրբեջանում և մտել է ուժի մեջ:
Մենք հույս ունենք, որ ի հավելումն այն բանի, որ արդեն 12 կիլոմետրից ավելի (12,7 կիլոմետր, եթե չեմ սխալվում) սահմանից սահմանազատել ենք, և այնտեղ սահմանի երկու կողմերում խաղաղ կյանքի և գործունեության հնարավորություն է ստեղծված: Մենք հույս ունենք, որ հետագա մասը՝ մեր համատեղ սահմանի, ևս հնարավորինս արագ կսահմանազատվի, և այս հարցը ևս կհամարենք լուծված»,- ասաց նա:
Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման գործընթացին՝ Միրզոյանը տեղեկացրեց՝ դեռևս մնացել են 1-2 ձևակերպումներ, հոդվածներ, որոնց շուրջ աշխատանքները շարունակվում են:
«Դրանց շուրջ աշխատանքները շարունակվում են ավելի ինտենսիվ, քան նախորդ շրջանում, ես կասեի՝ ավելի համագործակցաբար, ավելի կառուցողական մթնոլորտում, և կրկին (ինչպես անցած անգամ պատգամավորներից մեկը նկատեց) ես կուզենայի զգուշավոր լավատեսություն հայտնել, որ կունենանք վերջնական համաձայնեցված խաղաղության պայմանագրի տեքստը»,- ասաց նախարարը: