Իհարկե մարդիկ հերոս են: Հերոս են, որովհետև աշխատատեղ են ստեղծում, որովհետև այդ աշխատանքով սնում, զենք են տալիս զինվորին: Այդ մասին Ազգային ժողովի՝ նոյեմբերի 13-ի նիստի արտահերթ ելույթի շրջանակում ասաց ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ընդդիմության քննադատությանը, թե ինչու է իշխանությունը հարկ վճարողին հերոս անվանում:
Անդրադառնալով «պադավատապետության» մասով քննադատություններին՝ Ալեն Սիմոնյանը նշեց, որ Ազգային ժողովի ավտոպարկը՝ 2018-ից սկսած, 46 տոկոսով կրճատվել է:
«Ունեցել ենք 81 մեքենա, հիմա ունենք 42 մեքենա: Կառավարության մեքենաները նույնպես կրճատվել են»,- ասաց նա:
Արձագանքելով ընդդիմության այն քննադատությանը, թե ՊՆ ղեկավարը չպետք է խորհրդարանի ամբիոնից խոսի Հայաստանի՝ շուրջ 200 քառակուսի կիլոմետր օկուպացված տարածքի հարցը ոչ ռազմական ճանապարհով լուծելու որոշմանը, ԱԺ խոսնակն ասաց. «Ես չգիտեմ՝ ձեր նպատակը որն է, բայց մեր նպատակը պատերազմ թույլ չտալն է, և պատերազմի համար առիթներ չստեղծելը»: